Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը գումար չի հատկացրել «Օբամաքեյր»-ին


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամները կտրականապես դեմ են տրամադրված նախագահ Օբամայի հեղինակած առողջապահության ոլորտի օրենքին և դրա դեմ են քվեարկել արդեն 42 անգամ

ԱՄՆ-ի հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատն ընդունել է ԱՄՆ-ի կառավարության գործունեությունը պահպանելու նպատակով ֆինանսավորման հատկացնելու մասին ժամանակավոր օրինագիծը՝ միաժամանակ ֆինանսական միջոցներից զրկելով Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջ քաշված առողջապահության ոլորտում բարեփոխումների մասին օրենքը:

Օրինագիծն ընդունվել է Ներկայացուցիչների պալատում ձայների 230-ը՝ կողմ, 189-ը՝ դեմ հարաբերակցությամբ: Քվերկողներն իրենց ձայները տվել են՝ հիմնականում ելնելով կուսակցական պատկանելությունից:

Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծն այժմ կփոխանցվի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների կողմից վերահսկվող ԱՄՆ-ի Սենատ, որտեղ այն ամենայն հավանականությամբ չի ընդունվի, ինչի արդյունքում ԱՄՆ-ի Կոնգրեսը մինչև այս ամսվա վերջ չի հասնի բյուջեի շուրջ համաձայնության: Այս հանգամանքը, իր հերթին, կարող է բերել ԱՄՆ-ի պետական մարմինների մասնակի փակման:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամները կտրականապես դեմ են տրամադրված նախագահ Օբամայի հեղինակած առողջապահության ոլորտի օրենքին և դրա դեմ են քվեարկել արդեն 42 անգամ:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները պնդում է, որ ամերիկացիների մեծամասնությունը դեմ են «Առողջապահական մատչելի սպասարկման մասին» օրենքին, որը հանրապետականները «Օբամաքեյր» են անվանում:

«Միացյալ Նահանգների Սենատին ուղղված մեր ուղերձը հստակ է. Ամերիկայի ժողովուրդը չի ցանկանում, որ պետական մարմինները դադարեցնեն իրենց գործունեությունը, և նրանք դեմ են «Օբամաքեյր»-ին», - ասել է խոսնակ Բեյները:

Հասարակական կարծիքի վերջին հարցումների արդյունքների համաձայն, ամերիկացիների 42 տոկոսը հավանության են արժանացնում «Առողջապահական մատչելի սպասարկման մասին» օրենքը, սակայն 52 տոկոսը դեմ են դրան:
XS
SM
MD
LG