Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսում քվեարկություն կանցկացվի Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների հաշվետվության բանաձևի շուրջ


Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյս (արխիվային լուսանկար)
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյս (արխիվային լուսանկար)

«Կապիտոլյան բլուրի աղբյուրները տեղեկացնում են, որ Թուրքիայի կառավարությունն ակտիվորեն փորձում է արգելափակել կրոնական ազատությանը վերաբերող՝ երկու կուսակցությունների մասնակցությամբ ներկայացված բանաձևի ընդունման հնարավորությունը»

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ, հունիսի18-ին կանցկացնի լսումներ «Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների հաշվետվություն» թիվ 4347բանաձևի շուրջ:

Այս մասին հաղորդել են Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ու Ամերիկայի հայկական համագումարը:

«Կապիտոլյան բլուրի աղբյուրները տեղեկացնում են, որ Թուրքիայի կառավարությունն ակտիվորեն փորձում է արգելափակել կրոնական ազատությանը վերաբերող՝ երկու կուսակցությունների մասնակցությամբ ներկայացված բանաձևի ընդունման հնարավորությունը», - ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ:

«Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների հաշվետվություն» թիվ 4347բանաձևի շուրջ լսումներ անցկացնելուց առաջ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լսումներ կանցկացնի «Թուրքիայում քրիստոնեական ժառանգության պաշտպանություն» բանաձևի շուրջ, որոնց ընթացքում վկայություններ է ներկայացնելու Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի հակամարտությունների կարգավորման պրոֆեսոր Էլիզաբեթ Պրոդոմուն ու Նյու Ջերսի նահանգի «Ռաթգերս» համալսարանի Ցեղասպանության և մարդու իրավունքների կենտրոնում Հայոց ցեղասպանության ծրագրի համակարգող Խաչիկ Մուրադյանը:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական Էդ Ռոյսը, հանձնաժողովի ավագ անդամ, դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Էլիոտ Էնգելի հետ համատեղ դեռևս այս տարվա մարտին էր ներկայացրել կրոնական ազատությունների վերաբերյալ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի թիվ 4347 բանաձևի նախագիծ, որը պահանջում է ԱՄՆ-ի նախագահ Օբամայի վարչակազմից ամենամյա զեկույցներ ներկայացնել Թուրքիայում և Կիպրոսի օկուպացված շրջաններում քրիստոնեական եկեղեցիների վիճակի մասին:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, ներկայացնելով թիվ 4347 բանաձևն ընդունելու անհրաժեշտությունը, ասել էր, որ օրինագծով նախատեսվում է պատասխանատվության ենթարկել Թուրքիային՝ մարդու իրավունքների պաշտպանության և զարգացման գործում վերջինիս կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման համար: Ըստ կոնգրեսական Ռոյսի, բանաձևը ուշադրություն է հրավիրում տարբեր պատճառաբանություններով Թուրքիայի իշխանությունների կողմից անօրինական եղանակներով առգրավված կամ բռնագրավված եկեղեցիների ունեցվածքը հայկական, ասորական և հույն ուղղափառ համայնքներին վերադարձնելու մասին խախտված խոստումների հանգամանքին:
Կոնգրեսական Էնգելն իր հերթին նշել էր, որ Թուրքիայի Հանրապետությունը, ինչպես բոլոր պետությունները, պատասխանատու է իր տարածքում բնակվող համայնքներից և օրինական սեփականատերերից պետության կողմից անօրինական եղանակով առգրավված կրոնական ունեցվածքի պաշտպանության, վերականգնման և վերադարձնելու համար:
XS
SM
MD
LG