Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում անցկացվել է տիեզերագնացության ոլորտում համագործակցությանը նվիրված միջազգային հանդիպումը


ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Ռոբերտ Բերնսը վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը տիեզերքի հետազոտությանը և հանդիպման ընթացքում խոսել է միասնական նպատակների, այդ թվում՝ Երկիր մոլորակը սպառնացող տիեզերական օբյեկտներից և տիեզերական աղբից պաշտպանելու անհրաժեշտության մասին

Միացյալ Նահանգներում կայացել է պատմության մեջ առաջին անգամ նախարարների մակարդակով անցկացված միջազգային հանդիպում, որը նվիրված է տիեզերագնացության ոլորտում համագործակցությանը:

Ավելի քան 30 երկրներից, ներառյալ Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, ինչպես նաև Եվրոպական Միության անդամ պետությունները, հրավիրված պաշտոնյաները Վաշինգտոնում քննարկել են տիեզերքի հետազոտության ապագան, ռոբոտների կիրառմամբ տիեզերքի ուսումնասիրության, ինչպես նաև Երկիր մոլորակի ուղեծրից դուրս մարդկության կողմից իրականացվող թռիչնքների հնարավորության խնդիրները:

ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Ռոբերտ Բերնսը վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը տիեզերքի հետազոտությանը և հանդիպման ընթացքում խոսել է միասնական նպատակների, այդ թվում՝ Երկիր մոլորակը սպառնացող տիեզերական օբյեկտներից և տիեզերական աղբից պաշտպանելու անհրաժեշտության մասին:

ԱՄՆ-ի Սպիտակ տան գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության տնօրեն Ջոն Հոլդրենն իր հերթին նշել է, որ Միջազգային տիեզերակայանը համատեղ աշխատանքի համար իդեալական հարթակ է:

«Մեր տիեզերական համազգեստի թևերին կարող են լինել տարբեր դրոշներ, և մենք կարող ենք տարբեր մշակույթների, քաղաքական համակարգերի և սովորույթների կրողը լինել, սակայն Միջազգային տիեզերակայանի հաջողությունը ցույց է տալիս, որ տիեզերքում մենք կարող ենք հաղթահարել այս տարբերությունները», - ասել է Հոլդրենը:

Վերջին մի քանի տարվա ընթացքում տիեզերագնացության ոլորտում ձեռք են բերվել մի քանի կարևոր նվաճումներ: Դրանցից են Չինաստանի կողմից Լուսնի վրա հետազոտական տիեզերանավի հաջողությամբ ավարտված վայրէջքը, Հնդկաստանի կողմից Մարս մոլորակի ուղեծիր տիեզերանավի դուրսբերումն ու Միացյալ Նահանգների «Վոյաջեր-1» տիեզերանավի հեռացումն Արեգակնային համակարգից:
XS
SM
MD
LG