Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում Հիշատակի օր է


Ամերիկացիներն այսօր հարգանքի տուրք են մատուցում բոլոր պատերազմներում զոհված զինծառայողների հիշատակին

Ամերիկացիները երկուշաբթի օրը հարգանքի տուրք են մատուցում բոլոր պատերազմներում զոհված զինծառայողների հիշատակին։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս օրը կմասնակցի երկրի մայրաքաղաք Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Արլինգտոնի ազգային գերեզմանոցում անցկացվելիք հիշատակի արարողությանը, որից հետո ուղերձով կդիմի իրենց կյանքը զոհաբերածների ընտանիքներին:

Նախագահ Օբաման և առաջին տիկին Միշել Օբաման բացի այդ Սպիտակ տանը կընդունեն զոհվածների ընտանիքների անդամներին:

Արլինգտոնի ազգային գերեզմանատանը, ինչպես նաև ազգային այլ գերեզմանատներում կամավորականներն ամերիկյան փոքր դրոշներ են տեղադրել յուրաքանչյուր գերեզմանին։ Հիշատակի օրվա կապակցությամբ Արլինգտոնի գերեզմանոցում զինծառայողներն ԱՄՆ-ի ավելի քան 260 հազար դրոշ են տեղադրել պատերազմներում զոհվածների գերեզմաններին:

Բարաք Օբաման իր ամենշաբաթյա ուղերձում հարել է պատերազմներում զոհված ԱՄՆ-ի զինծառայողների հիշատակը՝ նշելով, որ Հիշատակի օրն այն ժամանակն է, երբ երկիրը հարգանքի տուրք է մատուցում ԱՄՆ-ի զինծառայողներին, որոնք իրենց կյանքը նվիրել են, որպեսզի ամերիկացիները կարողանան ապրել խաղաղության և ազատության պայմաններում:

Երկրի տարբեր մասերում անցկացվում են հիշատակի արարողություններ, շքերթներ և մարզական միջոցառումներ։

Հիշատակի օրը շատերը արձակուրդ են գնում: Այս օրվան նախորդող հանգստյան օրերը համարվում են ամառային արձակուրդների ոչ պաշտոնական սկիզբը։
XS
SM
MD
LG