Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում նշվել է «Դեպի Վաշինգտոն երթի» 50-րդ տարեդարձը


Օբամա. «Ամերիկայում հավասարության և արդարության համար պայքարը դեռևս չի մոտեցել ավարտին»

Հանդես գալով «Դեպի Վաշինգտոն երթի» 50-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ հավաքված հարյուր հազարավոր մարդկանց առջև՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրն ասել է, որ Ամերիկայում հավասարության և արդարության համար պայքարը դեռևս չի մոտեցել ավարտին:

Մարտին Լյութեր Քինգը 50 տարի առաջ իր հանրահայտ «Ես երազանք ունեմ» ճառով հանդես էր եկել այնժամյա Ամերիկայում ռասայական խիստ անարդարության և անհավասարության պայմաններում: Այսօր ԱՄՆ-ի սևամորթ առաջին նախագահը կանգնած է եղել Լինքոլնի հուշարձանի նույն այդ տեղում:

Քինգի խոսքերը, որոնք արտասանվել էին 1963 թվականին, նոր թափ էին հաղորդել քաղաքացիական իրավունքների համար տարվող պայքարին և ճանապարհ էին հարթել ԱՄՆ-ի իրավական կարևորագույն ակտի՝ 1964 թվականին ընդունված «Քաղաքացիական իրավունքների մասին» օրենքի ընդունման համար, որով անօրինական են հայտարարվել փոքրամասնությունների և կանանց նկատմամբ իրականացվող խտրականության հիմնական ձևերը:

ԱՄՆ-ի նախագահը հարգանքի տուրք է մատուցել քաղաքացիական իրավունքների շարժման հանգուցյալ առաջնորդին, ինչպես նաև այն մարդկանց զոհաբերություններին, ովքեր երթով անցել էին և հասել Վաշինգտոն՝ Ամերիկան փոփոխության ենթարկելու համար:

«Քաղաքացիական իրավունքների մասին օրենքն ընդունվել է, որովհետև նրանք երթով էին անցել: Քվեարկության իրավունքների մասին օրենքն ընդունվել է, որովհետև նրանք երթով էին անցել: Նրանք երթով էին անցել, և այդ իսկ պատճառով հնարավորությունների և կրթության դռները բացվել են, որպեսզի նրանց դուստրերն ու որդիները կարողանան վերջ ի վերջո իրենց համար պատկերացնեն մի կյանք, որն առավել էր, քան ինչ-որ մեկի հագուստը լվանալու կամ կոշիկները փայլեցնելու աշխատանքը: Նրանք երթով էին անցել, և փոփոխության են ենթարկվել քաղաքների ավագանիներ, փոփոխության են ենթարկվել նահանգների օրենքներ և Կոնգրեսն է փոխվել և, այո՛, վերջ ի վերջո փոխվել է նաև Սպիտակ տունը», - ասել է նախագահ Օբաման:

ԱՄՆ-ի նախագահի համաձայն, նրանք, ովքեր մասնակցել էին 1963 թվականի երթին, փոփոխություն էին առաջացրել ոչ միայն աֆրոամերիկացիների համար, այլև ռասայական և ազգային այլ խմբերի, կանանց և միասեռական ամերիկացիների համար, ինչպես նաև աշխարհում հանուն ազատության պայքարող բոլոր մարդկանց համար:

«Դեպի Վաշինգտոն երթի» 50-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ Նախագահ Օբամայի ելույթը նախագահի պաշտոնում 2008 թվականին նրա ընտրվելուց հետո ունեցած այն հազվադեպ ելույթներից է, որի ընթացքում նա անդրադարձել է ռասայական խնդիրներին՝ դիմելով Միացյալ Նահանգների ժողովրդին:

Օբաման ասել է, որ նրանք, ովքեր կարծում են, որ 1963 թվականից Ամերիկայում քիչ բան է փոխվել, անհարգալից են վերաբերվում 1963 թվականի երթի մասնակիցների կողմից արված զոհաբերությանը՝ միաժամանակ նշելով, որ աշխատանքը դեռևս ավարտված չէ:

ԱՄՆ-ի նախագահը հիշատակել է այն մարտահրավերները, որոնց դեմ առ դեմ կանգնած է երկիրը: Այս մարտահրավերներից են, ըստ Օբամայի, քվեարկության իրավունքների փոփոխությունը, աֆրոամերիկացիների և իսպանախոս ամերիկացիների շրջանում բարձր գործազրկությունը, ինչպես նաև այլ խնդիրներ, որոնք անընդհատ զգոնություն են պահանջում:

Միջոցառման ժամանակ ելույթ են ունեցել նաև ԱՄՆ-ի նախկին նախագահներ Բիլ Քլինթընն ու Ջիմի Քարտերը, ինչպես նաև Մարթին Լյութեր Քինգի կրտեր որդի Բերնիս Քինգը:
XS
SM
MD
LG