Մատչելի հղումներ

Ադրբեջանում նախագահական ընտրությունները դատապարտել է ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովը


«Ադրբեջանի կառավարությունը պարզ ցուցադրել է, որ հետաքրքրված է իրականացնելու միայն ժողովրդավարական ընտրությունների մեխանիկական մասը, այլ ոչ թե ծավալել իրական ընտրապայքար». ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ

Ադրբեջանում այս շաբաթվա սկզբին անցկացված նախագահական ընտրությունները դատապարտել է ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովը, որի նախագահ, ԱՄՆ-ի սենատոր Բենջամին Քարդինը հանդես է եկել քննադատական հայտարարությամբ:

«Նախագահական ընտրությունների անցկացումը, ըստ ԵԱՀԿ-ի մոնիթորինգի և հայտարարության, գնահատվել է որպես ընտրությունների անցկացման միջազգայնորեն ճանաչված չափանիշներին չհամապատասխանող», - ասված է ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ ասված է, որ խնդիրների հիմքում ընկած են ոչ միայն նախագահական ընտրությունների անցկացման օրը քվեատուփերի լցոնումն ու բազմաթիվ ընտրախախտումները, այլևս ամբողջ տարվա ընթացքում Ադրբեջանում ընդդիմության նկատմամբ իրականացված ահաբեկումն ու ընդդիմության անդամների ազատազրկումը, ինչպես նաև երկրում ԶԼՄ-ների աշխատանքի համար ստեղծված խիստ սահմանափակումները:

«Ադրբեջանի կառավարությունը պարզ ցուցադրել է, որ հետաքրքրված է իրականացնելու միայն ժողովրդավարական ընտրությունների մեխանիկական մասը, այլ ոչ թե ծավալել իրական ընտրապայքար: Հիասթափեցնող է, որ Ադրբեջանը վատնել է ժողովրդավարական առաջընթացին իր հանձնառությունը ցուցադրելու ևս մեկ հնարավորություն», - եզրափակում է ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի նախագահի հայտարարությունը:

Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովը, որը նաև կրում է «ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողով» անվանումը, Միացյալ Նահանգների պետական անկախ գործակալություն է, որը նպատակ ունի դիտարկելու Հելսինկյան ակտի և ԵԱՀԿ-ի պարտավորությունների կատարումը, նպաստել ԵԱՀԿ-ի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականության մշակման: Հանձնաժողովն ունի 9-ական անդամ ԱՄՆ-ի Սենատից և Ներկայացուցիչների պալատից, մեկական անդամ՝ երկրի արտգործնախարարությունից, պաշտպանության և առևտրի նախարարություններից:
XS
SM
MD
LG