Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսում կանցկացվի առողջապահական օրենքի շուրջ քվեարկություն


Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բոներ
Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բոներ

Հանրապետականները կրկին կփորձեն չեղյալ հայտարարել «Հասանելի խնամքի մասին» օրենքը

ԱՄՆ-ի հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատում չորեքշաբթի օրը կանցկացվի քվեարկություն, որը նպատակ է հետապնդելու չեղյալ հայտարարել «Մատչելի խնամքի մասին» օրենքը:

Քվեարկությունից երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հավանության է արժանացրել այս օրենքը, որը դարձել է երկրի նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ընթացքում ներքին քաղաքականության ոլորտում նշանակալից ձեռքբերումներից մեկը: Դատարանի կողմից կայացված որոշման համաձայն, օրենքի հիմնական պահանջներից մեկը, որի համաձայն բոլոր ամերիկացիները պետք է բժշկական ապահովագրություն ունենան կամ տուգանք վճարեն, չի հակասում երկրի սահմանադրությանը:

Հանրապետականները սակայն պնդում են, որ «անհատական մանդատ» կոչվող տուգանքը կհանգեցնի հարկերի ավելացման: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոները երեքշաբթի օրը հայտնել է լրագրողներին, որ օրենքը հարկային անհարկի բեռ է դառնալու մասնավորապես փոքր բիզնեսի համար:

«Ներկայացուցիչների պալատը կանցկացնի հարկերի սպասվող ավելացումը դադարեցնելուն նվիրված քվեարկություն՝ ապահովելու, որ փոքր ձեռնարկությունների սեփականատերերը հստակ տեղյակ լինեն իրենց կողմից վճարվելիք հարկային տոկոսադրույքի մասին. ակնկալում ենք, որ մեզ կհաջողվի ազատել նրանց այս բեռից՝ հույս ունենալով, որ նրանք կկարողանան զարգացնել իրենց բիզնեսը և աշխատատեղեր ստեղծեն», - ասել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Բոները:

Հանրապետականների կողմից Ներկայացուցիչների պալատում 2010 թվականին մեծամասնություն ձեռք բերելու ժամանակից այս քվեարկությունը կդառնա «Մատչելի խնամքի մասին» օրենքի շուրջ անցկացվող արդեն 31-րդ քվեարկությունը: Հանրապետականների կողմից օրենքը չեղյալ հայտարարելու շուրջ ջանքերը սակայն հաջողությամբ չեն ավարտվի, քանի որ երկրի Սենատը վերահսկվում է դեմոկրատների կողմից:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր հերթին խոստացել է կիրառել վետոյի իրավունքը՝ նման օրինագիծ իր ստորագրությանը ներկայացնելու դեպքում:
XS
SM
MD
LG