Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի համալսարանները շրջակա միջավայրի պահպանմանը նպաստող են դարձնում իրենց շինությունները


ԱՄՆ-ի համալսարանները շրջակա միջավայրի պահպանմանը նպաստող են դարձնում իրենց շինությունները

Միացյալ Նահանգներում ավելի քան 300 համալսարան դարձել է «կանաչ», այսինքն՝ շրջակա միջավայրի պահպանմանը նպաստող. կառուցվում են կայուն հարմարություններ, վերանորոգվում են շենքերը, որոնց միացվում են արևային և քամու էներգիայի համակարգեր, տնկում են օրգանիկ այգիներ, կրճատում ածխածնի արտանետումը: Ստեղծել են նաև բնապահպանական խնդիրների ուսումնասիրող կրթական ծրագրեր: Փորձագետները դա համարում են վերջին տասնամյակներում քոլեջների և համալսարանների ամենամեծ փոխակերպումը:

Վաշինգտոն քաղաքում գտնվող Ջորջ Վաշինգտոնի համալսարանի ելակի բերքն առատ է: Արևածաղիկները ձմռանից հետո լավ են աճել, դդմիկները՝ նույնպես:

Էլոյս Սմիթը վերջերս է ավարտել այդ համալսարանը և խնամում է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի բազմաթիվ կայունության ծրագրերից մեկի շրջանակներում ստեղծված համայնքի այգին: Համալսարանի կայունության ծրագրի շրջանակներում ստեղծված այլ այգիները խնամում են կամավոր ուսանողները:

Համալսարանի նոր «կանաչ» շենքերը կառուցված են այնպես, որ հնարավորինս քիչ ազդեցություն ունենան շրջակա միջավայրի վրա: Համալսարանն իրականացնում է նաև վերամշակման ծրագրեր և նույնիսկ շրջակա միջավայրի մասին հեռուստատեսային հաղորդումներ է պատրաստում:

Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Կայունության ծրագրի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Մեգըն Չեփըլ Բրաունը, որի համաձայն համալսարանի մի քանի շենք հագեցված է մի համակարգով, որը

կարող է երկրի արևելյան ափը դարձնել արևով տաքացվող ջրի մատակարարման ամենամեծ համախմբումը:

Նրա խոսքերով՝ համալսարանն արդեն տասը տարի է իրականացնում «կանաչ» ծրագրերը, որոնք զարգանում են հիմնական երեք ուղղությամբ՝ կլիմա, ջուր և էկոհամակարգ:

«Մենք կլիմայական փոփոխությանն ուղղված մեծ ծրագիր ենք սկսել: Ծրագրում ենք դադարեցնել ածխածնի արտանետումները և մինչև 2025 թվականը կրճատել ազդեցությունը շրջակա միջավայրի վրա 40 տոկոսով: Այդ ամենին է ուղղված տանիքներին արևային տաք ջրի համակարգի տեղադրումն ու էներգաօգտագործման առումով շենքերն ավելի արդյունավետ դարձնելը», - ասում է Մեգըն Չեփըլ Բրաունը:

Համալսարանը գրեթե երկու միլիոն դոլար է ներդրել՝ «կանաչ» դառնալու համար: Որոշ ներդրումների շնորհիվ նվազել են ջրի և էլեկտրաէներգիայի վճարները։

Համալսարանն անձրևաջրի տակառներ է օգտագործում իր կանաչապատ տարածքները ջրելու համար և միջոցներ է ձեռնարկում այդ ջրերի Փոթոմաք գետը թափվելու դեմ:

Չեփըլ Բրաունն ասում է, որ 20 հազար ուսանող ունեցող համալսարանն այժմ առաջարկում է կայունության և շրջակա միջավայրի վերաբերյալ 140 տարբեր դասընթաց:

«Հաշվի է առնվում նաև համալսարանի «կանաչ» լինելը: Գիտենք, որ դա իսկապես կարևոր գործոն է, և համալսարան ընդունվելուց առաջ ապագա ուսանողները բարձրացնում են այս հարցը», - ասում է Չեփըլ Բրաունը:

Համաձայն շահույթ չհետապնդող «Կայունության նախաձեռնություն ինստիտուտ»-ի՝ միջնակարգ դպրոցի ուսանողների 60 տոկոսից ավելին համալսարանի ընտրության ժամանակ հաշվի են առնում, թե համալսարանն ինչպես է վերաբերում շրջակա միջավայրին:

Գործադիր տնօրեն Մարկ Օրլովսկին ասում է, որ անցյալ հինգ տարիներին ավելի քան 300 քոլեջ և համալսարան իրականացնում են բնապահպանական կայունության ծրագրեր:

«Հինգ տարի առաջ բարձրագույն ուսումնական հաստատությունների 20 տոկոսից պակասն ուներ կանաչ կառույցներ, իսկ այժմ դրանց 80 տոկոսից ավելին իրենց քաղաքականության մեջ նշում են, որ իրենց նոր շենքերը «կանաչ» են լինելու», - ասում է Օրլովսկին:

Ըստ Օրլովսկիի՝ ամբողջ աշխարհում քոլեջներն ու համալսարանները սկսել են հաշվի առնել համալսարանը «կանաչ» դարձնելու տնտեսական կողմը: Նրա համաձայն, ուսանողները և համալսարանները փորձում են բավարարել այսօրվա պահանջները՝ առանց զոհաբերելու գալիք սերունդներին:

XS
SM
MD
LG