Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում պետական մարմինների գործունեության դադարեցման պատմությունը


Ներկայում ստեղծված իրավիճակն առաջին անգամ չէ, որ Միացյալ Նահանգների օրենսդիրների միջև ստեղծված անհամաձայնությունը դարձել է պետական մարմինների գործունեությունը նվազագույնի հասցնելու պատճառը

ԱՄՆ-ում պետական մարմինները դադարեցրել են իրենց գործունեությունն այն բանից հետո, երբ երկրի Կոնգրեսի երկու պալատները համաձայնության չեն եկել հոկտեմբերի 1-ից հետո կառավարության գործունեությունը շարունակելու համար անհրաժեշտ բյուջեի ծախսային մասի շուրջ:

Միացյալ Նահանգներում պետական հիմնարկների գործունեության դադարեցման ժամանակ «ոչ անհրաժեշտ» համարվող պետական ծառայողները ուղարկվում են չվճարվող արձակուրդ, դադարեցվում է նաև պետական բազմաթիվ ծրագրերի իրականացումը: Այդ ընթացքում աշխատանքը սակայն շարունակում են այն պետծառայողները, որոնց աշխատանքն «անհրաժեշտ» է համարվում՝ ներառյալ ազգային անվտանգության, առողջապահության, հասարակական կարգի պահպանման և հույժ կարևոր նշանակություն ունեցող այլ ոլորտների պետծառայողներին:

Ներկայում ստեղծված իրավիճակն առաջին անգամ չէ, որ Միացյալ Նահանգների օրենսդիրների միջև ստեղծված անհամաձայնությունը դարձել է պետական մարմինների գործունեությունը նվազագույնի հասցնելու պատճառը:

Պետական մարմինների գործունեության այս դադարեցնումն արդեն 12-ն է՝ սկսած 1981 թվականից: Կառավարության գործունեության վերջին և ամենաերկար դադարեցումը տեղի էր ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթընի պաշտոնավարման օրոք և տևել 21 օր՝ 1995 թվականի դեկտեմբերից մինչև 1996 թվականի հունվարը: Մինչ այդ 1995 թվականի նոյեմբերին պետական մարմինների գործունեությունը դադարեցվել էր վեց օրով:

Մինչև 1980 թվականը Կոնգրեսի կողմից պետբյուջեն չհաստատելու դեպքում պետական ծառայողները շարունակում էին կանոնավոր աշխատանքը՝ նույնիսկ բյուջեի ծախսային մասի հաստատման բացակայության պայմաններում, որը, ընդունվելուց հետո, հետադարձ կարգով ֆինանսավորում էր տրամադրում՝ այդ ընթացքում կատարված ծախսերը ծածկելու համար:

1980 թվականին սակայն, ԱՄՆ-ի նախագահ Ջիմի Քարտերի նախագահության վերջին տարիներին, այն ժամանակ երկրի արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Բենջամի Սիվիլեթին եկել է իրավաբանական եզրակացության, որի համաձայն կառավարության աշխատանքը չի կարող շարունակվել, եթե Կոնգրեսը չի համաձայնվել ֆինանսավորել այն: Սիվիլեթին ավելի ուշ պարզաբանություն է մտցրել օրենքում, որի համաձայն առանց պետական ծախսերի ֆինանսավորման օրենքի ընդունման աշխատանքը կարող են շարունակել միայն «անհրաժեշտ» ծառայությունները:

Ռոնալդ Ռեյգանի 1981-ից 1989 թվականները տևած նախագահության ժամանակ պետական մարմինների գործունեության դադարեցումները բավականին սովորական երևույթ էին, սակայն դրանցից որևէ մեկը երեք օրից ավելի չի տևել:

Պետական մարմինների գործունեության դադարեցումն այնուամենայնիվ անհետք չի մնում երկրի տնտեսության համար: ԱՄՆ-ի կառավարման և բյուջետավորման գրասենյակի գնահատականների համաձայն, 1995-ից 1996 թվականներն ընկած ժամանակահատվածում պետական մարմինների գործունեության դադարեցումը պատճառել է ավելի քան 1,4 միլիարդ դոլարի վնաս: «Փյու» հետազոտական կենտրոնի համաձայն, այս գումարը, հաշվի առնելով գնաճը, այժմ հավասար է 2,1 միլիարդ դոլարի:
XS
SM
MD
LG