Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի հատուկ ստորաբաժանումներն Աֆրիկայում հակաահաբեկչական գործողություններ են իրականացնել


Լիբիայում ձերբակալվել է «ալ-Քաիդա»-ի առաջնորդներից մեկը, Սոմալիում ԱՄՆ-ի հատուկ ուժերի կողմից իրականացված գործողության արդյունքում ոչնչացվել է «ալ-Շաբաբ»-ի մի քանի զինյալ

Միացյալ Նահանգների զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները Լիբիայում և Սոմալիում հակաահաբեկչական երկու հույժ կարևոր գործողություն են իրականացնել:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության խոսնակ Ջորջ Լիթլի հաղորդագրության մեջ հաստատվել է, որ հատուկ ստորաբաժանումներին հաջողվել է ձերբակալել «Ալ-Քաիդա»-ի առաջնորդներից մեկին՝ Աբու Անաս էլ-Լիբիին, որին Միացյալ Նահանգների իշխանությունները մեղադրում են Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում և Տանզանիայի մայրաքաղաք Դար էս-Սալամում ԱՄՆ-ի դեսպանությունների ուղղությամբ 1998 թվականին իրականացված ռմբակոծությունների համաձայն: Այս հարձակումների հետևանքով զոհվել էր ավելի քան 200, վնասվածքներ ստացել մի քանի հազար մարդ:

Պենտագոնի խոսնակի համաձայն, Աբու Անասն այժմ պահվում է «Լիբիայի տարածքից դուրս գտնվող անվտանգ հաստատություններից մեկում»:

Ըստ հաղորդագրությունների, Աբու Անասի ընտանիքի անդամները հայտնել են, թե վերջինս ձերբակալվել է օտարերկրյա զինծառայողների կողմից Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից ոչ հեռու գտնվող իր տան մոտակայքում:

Միացյալ Նահանգների պաշտոնյաները բացի այդ հայտնել են, որ ԱՄՆ-ի ծովային հետևակի հատուկ ստորաբաժանումները Սոմալիի հարավում հարձակում են իրականացրել՝ ուղղված «ալ-Շաբաբ» ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկի դեմ:

«Ալ-Շաբաբ»-ի զինյալները վերջերս բազմաթիվ զոհերի պատճառը դարձած հարձակում են իրականացրել Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում գտնվող «Ուեսթգեյթ» առևտրի կենտրոնում:

Պենտագոնը չի հայտնել «ալ-Շաբաբ»-ի այն առաջնորդի անունը, որի դեմ ուղղված էր ծովային հետևակայինների հարձակումը: ԱՄՆ-ի պաշտոնյաներից մեկը սակայն նշել է, որ գործողությունն ուղղված էր «ալ-Շաբաբ»-ի ահաբեկիչների կարևորագույն առաջնորդներից մեկի դեմ:

ԱՄՆ-ի պաշտոնյաներից մեկը, բացի այդ, հայտնել է, որ «ալ-Շաբաբ»-ի առաջնորդներից մեկի դեմ ռազմական գործողությունն իրականացվել էր Օսամա բին Լադենին ոչնչացրած ծովային հետևակայինների հատուկ ստորաբաժանման «Վեցերորդ ջոկատի» կողմից:

Ըստ հաղորդագրությունների, Սոմալիում հարձակում իրականացրած ԱՄՆ-ի հատուկ ուժերը ստիպված էին եղել հետ քաշվել՝ հակառակորդի կողմից հրազենային ուժգին կրակ բացելուց հետո: ԱՄՆ-ի պաշտոնյաների համաձայն, ծովային հետևակի հատուկ ստորաբաժանման ծառայողների շարքում կորուստներ չեն եղել, գործողության ընթացքում ոչնչացվել է «ալ-Շաբաբ»-ի մի քանի զինյալ:
XS
SM
MD
LG