Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը երկարաձգել է դիվանագիտական հաստատությունների փակումը


Միացյալ Նահանգների իշխանությունները, բացի այդ, ճանապարհորդության նախազգուշացում են հրապարակել ԱՄՆ-ի քաղաքացիների համար՝ նշելով, որ ահաբեկչական հարձակումների վտանգը բարձր է մնում Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում

Միացյալ Նահանգների իշխանությունները հայտնել են Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում գտնվող դիվանագիտական հաստատություններն ամբողջ շաբաթ փակ մնալու մասին:

ԱՄՆ-ի արտգործնախարարության համաձայն, կիրակի օրը փակված ավելի քան 20 դեսպանություններն ու հյուպատոսությունները և դիվանագիտական մի քանի այլ հաստատություն փակ կմնան, սակայն մի քանի պետությունում ԱՄՆ-ի դիվանագիտական հաստատությունները կվերսկսեն իրենց աշխատանքը:

Արտգործնախարարությունը հայտնել է, թե ԱՄՆ-ի դիվանագիտական հաստատությունների փակումը հետաձգելու մասին որոշումը կապված չէ նոր վտանգների, այլ պարզապես լրացուցիչ անվտանգության միջոց է:

Հիշեցնենք, որ կիրակի օրը մահմեդական ավելի քան 20 պետությունում ԱՄՆ-ի դեսպանություններն ու հյուպատոսությունները փակելու մասին որոշումն ընդունվել էր «ալ-Քաիդա»-ի կողմից հնարավոր հարձակումներ իրականացնելու մասին հաղորդագրություններ ստանալու արդյունքում:

ԱՄՆ-ի արտգործնախարարության համաձայն, ամբողջ շաբաթ փակ են մնալու Աբու Դաբի, Աման, Կահիրե, Ռիյադ, Դհահրան, Ջեդդա, Դոհա, Դուբայ, Քուվեյթ, Մանամա, Մուսկատ, Սանաա, Տրիպոլի, Անտանանարիվու, Բուջումբուրա, Ջիբութի, Խարտում, Կիգալի և Պորտ Լուիս քաղաքներում գտնվող դիվանագիտական հաստատությունները:

Դհակայում, Ալժիրում, Նուակշոտում, Քաբուլում, Հերատում, Մազար էլ Շարիֆում, Բասդադում, Բասրայում և Իրբիլում գտնվող ԱՄՆ-ի դիվանագիտական հաստատությունները փակ են եղել կիրակի օրը, սակայն դրանց թույլատրվել է աշխատանքը վերսկսել երկուշաբթի օրը:

Միացյալ Նահանգների իշխանությունները, բացի այդ, ճանապարհորդության նախազգուշացում են հրապարակել ԱՄՆ-ի քաղաքացիների համար՝ նշելով, որ ահաբեկչական հարձակումների վտանգը բարձր է մնում Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում:

Այլ պետություններ նույնպես դիմել են նման քայլերի, անվտանգությանն առկա սպառնալիքների վերաբերյալ նախազգուշացումով հանդես է եկել նաև «Ինտերպոլ»-ը:
XS
SM
MD
LG