Մատչելի հղումներ

Արևմուտքի պատրաստ է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ ընդունելուն


Նախագահ Օբամա. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է որոշում կայացնի այն մասին, թե արդյոք նա պատրաստ է է՛լ ավելի թուլացնել Ռուսաստանի տնտեսությունը

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայում ծավալված ճգնաժամի շուրջ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի, Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ:

ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, նախագահ Օբաման ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է խստացել Ռուսատանի դեմ ընդունված պատժամիջոցները:

Նախագահ Օբաման, բացի այդ, քննադատության է ենթարկել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի արևելքում ձեռնարկված գործողությունները՝ շեշտելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է որոշում կայացնի այն մասին, թե արդյոք նա պատրաստ է է՛լ ավելի թուլացնել Ռուսաստանի տնտեսությունը:

Հաղորդագրությունների համաձայն, Ռուսաստանը զգալիորեն ավելացրել է Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում գտնվող զինծառայողների քանակը: ՄԱԿ-ում Ուկրաինայի պատվիրակության կազմում աշխատող դիվանագետներից մեկը տեղեկացրել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ Ռուսաստանը կրկնապատկել է Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում գտնվող զինված ուժերի ստորաբաժանումների անձնակազմը՝ հասցնելով այն մինչև 80 հազար զինծառայողի:

Միացյալ Նահանգները, «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, երկուշաբթի օրը նախատեսում է նոր պատժամիջոցներ ընդունել Ռուսաստանի նկատմամբ, որոնք կվերաբերեն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց, իսկ Եվրամիությունը միաժամանակ պատժամիջոցներ կսահմանի ֆիզիկական 15 անձանց նկատմամբ:

Գործակալությունը, վկայակոչելով իրենց անունը բացահայտելուց հրաժարված աղբյուրներ, տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգների կողմից ընդունվելիք նոր պատժամիջոցները կտարածվեն Ռուսաստանի նախագահի «բարեկամների» վրա, իսկ Եվրամիության պատժամիջոցների գործողությունը կտարածվի Ուկրաինայի արևելքում խռովությունների համար պատասխանատու անձանց վրա:

Հիշեցնենք, որ «Standard & Poor’s» վարկանիշային գործակալությունը նախօրեին նվազեցրել էր Ռուսաստանի վարկանիշային վարկանիշը՝ «BBB» ցուցանիշից հասցնելով այն «BBB-»-ի:

Ռուսաստանի վարկանիշային վարկանիշի նվազեցման մասին որոշումը «Standard & Poor’s»-ը հիմնավորել է Ռուսաստանից կապիտալի դուրսբերմամբ և Ուկրաինայում չդադարող ճգնաժամի հետ կապված ներդրումային վտանգներով:
XS
SM
MD
LG