Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները չի ընդունի Ուկրաինայի արևելքում անցկացվող անօրինական հանրաքվեի արդյունքները


Ուկրաինայի արևելքում հանրաքվեի անցկացումից առաջ Միացյալ Նահանգների արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքին հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Ուկրաինայի արևելքում անցկացվող հանրաքվեն խախտում է միջազգային իրավունքն ու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, և որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում ընդունել դրա արդյունքները

Ուկրաինայի արևելքում հանրաքվեի անցկացումից առաջ Միացյալ Նահանգների արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքին հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Ուկրաինայի արևելքում անցկացվող հանրաքվեն խախտում է միջազգային իրավունքն ու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, և որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում ընդունել դրա արդյունքները:

«Ինչպես արդեն հայտարարել է Միացյալ Նահանգները, Ուկրաինայի արևելքի որոշ շրջաններում անջատողական զինյալների խմբավորումների կողմից մայիսի 11-ին անցկացվող հանրաքվեն անօրինական է ըստ Ուկրաինայի օրենսդրության և հանդիսանում է բաժանվածության խորացման և խռովությունների սաստկացման փորձ: Եթե հանրաքվեն անցկացվի, ապա այն կխախտի Ուկրաինայի օրենսդրությունն ու տարածքային ամբողջականությունը: Միացյալ Նահանգները չի ընդունի այս անօրինական հանրաքվեի արդյունքները», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Փսաքին:

«Մեզ, բացի այդ, հիասթափեցրել է այն հանգամանքը, որը Ռուսաստանի կառավարությունը, նախագահ Պուտինի կողմից մայիսի 7-ին արված հայտարարությունից հետո, երբ նա հայտարարել էր նաև Ուկրաինայի սահմաններից Ռուսատանի զինված ուժերը հետ քաշելու մասին, չի օգտագործել իր ազդեցությունն այս հանրաքվեի անցկացումը թույլ չտալու համար», - ասված է արտգործնախարարության խոսնակի հայտարարության մեջ:

Պետդեպի խոսնակը, բացի այդ, ափսոսանք է արտահայտել այն հանգամանքով, որ Ռուսաստանն այնպես էլ հետ չի քաշել իր զինված ուժերն Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններից:

«Կրեմլի կողմից վերահսկվող սոցիալական մեդիա կայքերը և լրատվամիջոցները հորդորել են Ուկրաինայի արևելքի բնակիչներին մասնակցել հանրաքվեին՝ նույնիսկ տրամադրելով հրահանգներ Մոսկվայում գտնվող ընտրատարածքում քվեարկելու համար», - ասել է Ջեն Փսաքին՝ նշելով, որ Ռուսաստանի ԶԼՄ-ները նույնպես շարունակել են սատարել Ուկրաինայի արևելքում անկախության հանրաքվեի անցկացումը՝ չնայած նախագահ Պուտինի կողմից հանրաքվեի անցկացման օրը տեղափոխելու մասին արված առաջարկության:

«Միջազգային հանրության ուշադրությունն այժմ պետք է կենտրոնացած լինի Ուկրաինայի կառավարության կողմից մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունների անցկացմանն ուղղված ջանքերին օժանդակություն տրամադրելու վրա: Միջազգային դիտորդները նշում են, որ ընտրությունների նախապատրաստությունն ընթանում է արագ տեմպերով և այն համապատասխանում է միջազգային չափանիշներին, ինչը թույլ կտա Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին որոշել իրենց պետության ապագան», - ասված է ԱՄՆ-ի արտգործնախարարության հայտարարության մեջ:
XS
SM
MD
LG