Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հրապարակել է մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ 2013 թ. զեկույցը


Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ԱՄՆ-ի 2013 թ. զեկույցը
please wait

No media source currently available

0:00 0:03:09 0:00

Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ԱՄՆ-ի 2013 թ. զեկույցը

Հայաստանը՝ ԱՄՆ-ի «Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության մասին» օրենքով սահմանված նվազագույն չափանիշներին ամբողջությամբ համապատասխանող երկիր

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հրապարակել է մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ 2013 թվականի զեկույցը, որի նախաբանում ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին հիշեցրել է, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է ժամանակակից ստրկատիրությանը վերջ դնելը:

«Մեր պետության շահերից է բխում ցանկացած վայրում կատարվող հանցագործությունների դեմ պայքարը: Մարդկանց թրաֆիքինգը խարխլում է օրենքի գերակայությունը և անկայունություն է ստեղծում: Այն մասնատում է ընտանիքներ և համայնքներ: Այն վնաս է հասցնում շրջակա միջավայրին և քայքայում աշխարհի պետությունների տնտեսությունների առողջությունն ապահովող մատակարարման շղթաներն ու աշխատանքային շուկաները: Մենք, բացի այդ, պետք է այս խնդրի դեմն առնենք՝ ելնելով բարոյական նկատառումներից: Մարդկանց թրաֆիքինգը հարձակում է ազատության և մարդու հիմնարար արժանապատվության մեր ամենավսեմ արժեքների ուղղությամբ», - ասում է արտգործնախարար Քերին՝ հավելելով. «Ամերիկայի առաջնորդները պատրաստ են պաշտպանելու այս արժեքներն ինչպես իրենց երկրում, այնպես էլ աշխատելով դրանց առաջընթացի ապահովման ուղղությամբ ամբողջ աշխարհում: Մենք կշարունակենք այս աշխատանքը «Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ» զեկույցի միջոցով»:

Զեկույցն աշխարհի պետություններում մարդկանց թրաֆիքինգի շուրջ ստեղծված իրավիճակը բաժանված է չորս մակարդակի, որտեղ «Մակարդակ I»-ի պետություններն ամբողջությամբ են համապատասխանում ԱՄՆ-ի «Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության մասին» օրենքով սահմանված նվազագույն չափանիշներին, «Մակարդակ II»-ի պետությունները ամբողջությամբ չեն համապատասխանում «Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության մասին» օրենքով սահմանված նվազագույն չափանիշներին, սակայն զգալի ջանքեր են գործադրում՝ այս չափանիշներին համապատասխանելու համար:

Փաստաթղթում նշված «Մակարդակ II ուշադրության ցուցակ»-ում ներառված պետությունները հիմնականում բնութագրվում են «Մակարդակ II»-ի պետությունների նման, սակայն դրանցում գրանցվել է թրաֆիքինգի զոհերի զգալի բացարձակ թիվ կամ աճ, այդ պետությունը չի հաջողվել ապացուցել, որ այն գնալով ավելի շատ ջանքեր է գործադրում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործում՝ համեմատած նախորդ տարված հետ, և որ այն որոշումը, որ երկիրը զգալի ջանքեր է գործադրում թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն չափանիշներին համապատասխանելու առումով, հիմնված է այդ երկրի կողմից գալիք տարվա ընթացքում լրացուցիչ քայլեր կատարելու հանձնառության վրա:

Զեկույցում նշված «Մակարդակ III»-ի պետություններն ամբողջությամբ չեն համապատասխանում «Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության մասին» օրենքով սահմանված նվազագույն չափանիշներին և ջանքեր չեն գործադրում՝ այս չափանիշներին համապատասխանելու շուրջ աշխատանքների իրականացման համար:

ԱՄՆ-ի արտգործնախարարության զեկույցում նշվել է, որ Հայաստանում թրաֆիքինգի շուրջ ստեղծված իրավիճակը գտնվում է «Մակարդակ I»-ի վրա, քանի որ երկրի կառավարությունն ամբողջովին համապատասխանում է թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին:

«2012 թվականին պետական մարմինների կողմից իրականացվող օրինապահ և պաշտպանական միջոցառումներն ընդլայնվել են՝ անդրադառնալով թրաֆիքինգի հետ կապված առաջել լայն շրջանակին՝ սեռական և աշխատանքային բնույթի թրաֆիքինգին ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս», - ասված է զեկուցում, որտեղ նշված է, որ Հայաստանի կառավարությունն առաջընթաց է գրանցել նաև մարդկանց թրաֆիքինգի հետապնդման և կանխման գործում:

Չնայած դրան զեկույցում նշված է, որ երկիրը հարկադրված աշխատանքի և սեռական շահագործման նպատակով իրականացվող թրաֆիքինգի աղբյուր է, որին ենթարկվում են տղամարդիկ, կանայք և երեխաները, խնդիր է ներկայացնում նաև երկրի ներսում սեռական շահագործման և հարկադրված աշխատանքի նպատակով իրականացվող թրաֆիքինգը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա զեկույցում Հայաստանը դասվել էր «Մակարդակ II»-ի պետությունների շարքում, սակայն զեկույցն ասում է, որ չնայած «Մակարդակ I»-ն ամենաբարձրն է, դա այնուամենայնիվ չի նշանակում, որ երկիրը չունի մարդկանց թրաֆիքինգի հետ կապված խնդիրներ:

«Ընդհակառակը, «Մակարդակ I» գնահատականը նշանակում է, որ կառավարությունը ճանաչել է մարդկանց թրաֆիքինգի առկայությունը, ջանքեր գործադրել խնդրի դեմ պայքարելու ուղղությամբ և համապատասխանում է «Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության մասին» օրենքով սահմանված նվազագույն չափանիշներին:

«Մակարդակ I»-ի գնահատականը պահպանելու համար կառավարությունները պետք է ամեն տարի դրսևորեն գնահատելի առաջընթաց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում: «Մակարդակ I»-ն ավելի շատ պարտականություն է, քանի որ որևէ երկրում թրաֆիքինգի դեմ պայքարն ավարտի չի հասցված», - նշված է ԱՄՆ-ի արտգործնախարարության կողմից մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ հրապարակված ամենամյա զեկույցում:
XS
SM
MD
LG