Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը դատապարտել է բռնություններն Ուկրաինայում


Ուկրաինայում լարվածության աճը Ուկրաինայի կառավարության կողմից իրական երկխոսության հաստատելու գործում թերանալու և հունվարի 16-ին հակաժողովրդավարական օրենսդրություն ընդունելու անմիջական հետևանք է

Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել է Ուկրաինայում տեղի ունեցած բռնությունների, որոնց հետևանքով զոհեր են եղել, այդ թվում՝ երկու ցուցարար զոհվել է հրազենից ստացված վնասվածքներից:

«Հորդորում ենք բոլոր կողմերին անմիջապես նվազեցնել իրավիճակի լարվածությունը և զերծ մնալ բռնություններից: Ուկրաինայում լարվածության աճը Ուկրաինայի կառավարության կողմից իրական երկխոսության հաստատելու գործում թերանալու և հունվարի 16-ին հակաժողովրդավարական օրենսդրություն ընդունելու անմիջական հետևանք է», - ասված է ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխխոսնակ Մարի Հարֆի կողմից տարածված հաղորդագրության մեջ:

«Այնուամենայնիվ, անընդունելի են նաև ծայրահեղ աջակողմյան «Պրավիյ Սեկտոր» խմբավորման անդամների գործողությունները, որոնք հրահրում են փողոցներում տիրող իրավիճակը և խարխլում խաղաղ ցուցարարների ջանքերը: Մենք դատապարտում ենք նաև «տիտուշկի» անվանումը կրող ոչ պաշտոնական խմբավորման կողմից իրականացվող բռնությունները», - ասված է հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի արտգործնախարարությունն իր հայտարարության մեջ դատապարտել է նաև լրագրողների և խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացվող թիրախավորված հարձակումները, այս թվում՝ ազատազրկումը:

«Մենք վճռականորեն աջակցում ենք Մայդանի խաղաղ ոգին», - ասված է ԱՄՆ-ի արտգործնախարարության հայտարարության մեջ, որը կոչ է անում Ուկրաինայի կառավարությանը ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք ներկայացնում են Ուկրաինայի առաջընթացի համար առավել բարենպաստ միջոցներ, այդ թվում՝ չեղյալ հայտարարել հակաժողովրդավարական օրենսդրությունն ու ազգային երկխոսություն սկսել քաղաքական ընդդիմության հետ:

«Միացյալ Նահանգներն արդեն իսկ չեղյալ է հայտարարել բռնությունների համար պատասխանատու մի քանի անձանց մուտքի արտոնագրերը և շարունակելու է ձեռնարկել լրացուցիչ միջոցներ՝ ի պատասխան որևէ կողմից բռնությունների գործադրման», - եզրափակում է Ուկրաինայում տեղի ունեցած բռնությունները դատապարտող ԱՄՆ-ի արտգործնախարարության հայտարարությունը:

Ուկրաինայի իշխանությունների համաձայն, երկրի մայրաքաղաք Կիևում ընդդիմության ակտիվիստների և ոստիկանության ուժերի միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է երեք մարդ:

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունն այս ընթացքում հաստատել է Կիևում բախումների ընթացքում ազգությամբ հայ Սերգեյ Նիկոյանի մահվան մասին լուրը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակված հաղորդագրության համաձայն, Սերգեյ Նիկոյանը Ուկրաինայի քաղաքացի է եղել:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, արձագանքելով Կիևում զոհվածների մասին լուրերին, ասել է, որ Եվրամիությունը կարող է Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ միջոցներ ձեռնարկել:
XS
SM
MD
LG