Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը չի ճանաչում Ուկրաինայի արևելքում անցկացված հանրաքվեի արդյունքները


ԱՄՆ-ի արտգործնախարարությունը ողջունել է Եվրամիության կողմից Ուկրաինայում ծավալված ճգնաժամի կապակցությամբ Ղրիմի երկու ընկերությունների, ինչպես նաև 13 անձանց նկատմամբ պատժամիջոցների ընդունման հանգամանքը

Միացյալ Նահանգները չի ճանաչում կիրակի օրը Դոնեցկի և Լուգանսկի որոշ մասերում անցկացված անօրինական հանրաքվեի արդյունքները:

Այս հայտարարությամբ ԱՄՆ-ի արտգործնախարարությունում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել մամուլի խոսնակ Ջեն Փսաքին:

«Հանրաքվեն անօրինական է եղել Ուկրաինայի իրավունքի ներքո և դարձել երկրում տարաձայնություններն ու անկարգությունները խորացնելու ևս մեկ փորձ: Այս հարցման անցկացման մեթոդոլոգիան կասկածներ է առաջացնում. ստացվել են տեղեկություններ կանխավ լրացված քվեաթերթիկների, անչափահասների կողմից քվեարկությունների, բացակա անձանց փոխարեն քվեարկելու, նույնիսկ Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում քվեարկության անցկացման մասին», - ասել է արտգործնախարարության խոսնակը:

Ըստ ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակի՝ Միացյալ Նահանգները կենտրոնացած է Ուկրաինայում մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունների անցկացման վրա: Ջեն Փսաքիի համաձայն, այս երկրում կայանալիք նախագահական ընտրությունները «Ուկրաինան միավորելու հնարավորություն են», և քվեարկությանը մասնակցելու հնարավորություն է ընձեռվելու բոլոր ուկրաինացիներին, այս թվում՝ երկրի արևելյան շրջանների և Ղրիմի բնակիչներին:

Արտգործնախարարության խոսնակը նշել է նաև, որ չնայած անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահ Պուտինի կողմից արված «դրական» հայտարարություններին «Ռուսաստանը կարող է ձեռնարկել հստակ քայլեր՝ օժանդակություն ցուցաբերելու համար Ուկրաինայի ժողովրդին, երկրի ինքնիշխանությանն ու ժողովրդավարական ապագային»: ԱՄՆ-ի վարչակազմը, ասել է Փսաքին, համոզված է, որ Ռուսաստանի իշխանություններն ունեն Ուկրաինայում անջատողականների վրա ազդեցություն գործելու լծակներ:

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը, բացի այդ, ողջունել է Եվրամիության կողմից Ուկրաինայում ծավալված ճգնաժամի կապակցությամբ Ղրիմի երկու ընկերությունների, ինչպես նաև 13 անձանց նկատմամբ պատժամիջոցների ընդունման հանգամանքը:

«Մենք համամիտ ենք Եվրամիության հետ և շարունակում ենք համատեղ աշխատանքը», - նշել է արտգործնախարարության խոսնակը՝ հավելելով, որ եթե Ռուսաստանը շարունակի ներկայիս ուղին, ապա Միացյալ Նահանգներն ունի ազդեցության որոշ հնարավորություններ, ներառյալ պատժամիջոցներն այն անձանց նկատմամբ, որոնք աշխատում են Ռուսաստանի որոշ ոլորտներում:

«Շարունակելու ենք Եվրամիության հետ սերտ քննարկումները , սակայն այս պահին չեմ ցանկանում կանխատեսել, թե ինչպես ենք գործելու», - նշել է Փսաքին:

Մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ Ֆրանսիան չի հրաժարվի Ռուսաստանին 1,2 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով ուղղաթիռակիր ռազմանավերի առաքման մասին պայմանագրից՝ Պետդեպի խոսնակն ասել է, որ «մենք արդեն անհանգստություն ենք արտահայտել Ֆրանսիայի կառավարությանը՝ այս գործարքի կապակցությամբ»:

Արտգործնախարարության խոսնակն արձագանքել է նաև «Թվիթեր»-ում Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի կողմից Մերձդնեստր կատարված այցելությունից հետո հրապարակված հաղորդագրությանը:

«ԱՄՆ-ի պահանջով Ռումինիան փակել էր օդային տարածքն իմ օդանավի համար: Ուկրաինան կրկին չի թողնում: Հաջորդ անգամ կթռնեմ «Տու-160»-ով» բովանդակությամբ հաղորդագրություն էր հրապարակվել Ռուսաստանի փոխվարչապետ Ռոգոզինի «Թվիթեր»-ի էջում:

Ջեն Փսաքին «սադրանք» է որակել Ռոգոզինի նման հայտարարությունը:

«Որքան հիշում եմ, Ռոգոզինն այցելել է Մոլդովա՝ տարածաշրջան, որտեղ մենք սատարում ենք համապարփակ համաձայնագիր կնքելու միջոցով հակամարտության լուծումը, ինչը երաշխավորում է Մոլդովայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ հատուկ կարգավիճակ շնորհելով Մերձդնեստրին: Սադրիչ նման հռետորաբանությունը չի նպաստում դրան», - շեշտել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Փսաքին՝ արձագանքելով Ռուսատանի փոխվարչապետի «Թվիթեր»-ի էջում հրապարակված հաղորդագրությանը:
XS
SM
MD
LG