Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հրապարակել է մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ամենամյա զեկույցը


Ըստ զեկույցի, Հայաստանը մարդկանց սեռական շահագործման նպատակով և աշխատանքային թրաֆիքինգի աղբյուր է

Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը հրապարակել է մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ամենամյա զեկույցը:

Զեկույցի նախաբանում ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը նշել է, որ Միացյալ Նահանգներում, ինչպես նաև այլ երկրներում ընդունվել են օրենքներ և վավերացվել միջազգային իրավական փաստաթղթեր, որոնք նպատակ են հետապնդում վերջ դնել ստրկատիրությանը՝ որպես իրավական ինստիտուտի, ինչպես նաև որպես քերականորեն հետապնդվող զբաղմունքի տեսակի:

Քլինթընը նշել է, որ վերջերս ՄԱԿ-ի Պալերմոյի արձանագրությունը միջազգային իրավունքի մաս և քաղաքականության մշակման առաջնային խնդիր է դարձրել ժամանակակից ստրկատիրության վերացումը:

«Այնուամենայնիվ, չնայած ստրկատիրությունն արգելող համաձայնագրերի և օրենքների ընդունման, ապացույցները վկայում են այն մասին, որ բազմաթիվ տղամարդիկ, կանայք և երեխաներ շարունակում են ապրել ժամանակակից ստրկատիրության պայմաններում՝ մարդկանց թրաֆիքինգի պատուհասի պատճառով»:

Աշխարհի պետություններում մարդկանց թրաֆիքինգի շուրջ ստեղծված իրավիճակը բաժանված է երեք մակարդակի, որտեղ «Մակարդակ I»-ի պետություններն ամբողջությամբ են համապատասխանում ԱՄՆ-ի «Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության մասին» օրենքով սահմանված նվազագույն չափանիշներին, «Մակարդակ II»-ի պետությունները ամբողջությամբ չեն համապատասխանում «Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության մասին» օրենքով սահմանված նվազագույն չափանիշներին, սակայն զգալի ջանքեր են գործադրում՝ այս չափանիշներին համապատասխանելու համար, և «Մակարդակ III»-ի պետությունները, որոնք ամբողջությամբ չեն համապատասխանում «Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության մասին» օրենքով սահմանված նվազագույն չափանիշներին և ջանքեր չեն գործադրում՝ այս չափանիշներին համապատասխանելու շուրջ աշխատանքների իրականացման համար:

Զեկույցում նշվել է, որ Հայաստանում թրաֆիքինգի շուրջ ստեղծված իրավիճակը գտնվում է «Մակարդակ II»-ի վրա, և երկիրը կանանց և աղջիկներին սեռական շահագործման նպատակով թրաֆիքինգի, ինչպես նաև կանանց և տղամարդկանց աշխատանքային թրաֆիքինգի աղբյուր է:

Զեկույցում նշվել է սակայն, որ Հայաստանում ավելի փոքր է երկիրը որպես կանանց հարկադիր աշխատանքի նպատակակետ օգտագործելու խնդիրը, սակայն երկրում գրանցվել է նոր միտում, երբ օտարերկրյա պետություններ աշխատանքի մեկնող միգրանտները հանում են իրենց երեխաներին դպրոցից և տանում հետները՝ որպես օգնական, որտեղ և երեխաները դառնում են խոցելի հարկադրական աշխատանքի պայմաններին:

Զեկույցում Հայաստանին թրաֆիքինգի հետ պայքարն ուժեղացնելու նպատակով խորհուրդ է տրվում, ի թիվս այլոց, ուժեղացնել թրաֆիքինգի կամ հարկադրական աշխատանքի զոհերի նույնականացումը և դատական կարգով հետապնդել աշխատանքային թրաֆիքինգի հետ կապված իրավախախտումները, բարելավել հասարակական կազմակերպությունների հետ գործընկերությունը, ինչը թույլ կտա հասարակական կազմակերպություններին կանոնավոր կերպով աջակցել իրավապահ մարմիններին՝ զոհերի նույնականացման գործում, ինչպես նաև կանոնակարգել աշխատանքի տեղավորման տեղական գործակալությունների աշխատանքը, որպեսզի վերջիններս կարողանան կանխել հայերի հարկադրական աշխատանքն արտերկրում:
XS
SM
MD
LG