Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը զգուշացրել է ամերիկացիներին Սոչիում հնարավոր վտանգների մասին


Նախազգուշացման մեջ ամերիկացիներին կոչ է արվում պահպանել զգոնություն՝ ահաբեկչական վտանգների հնարավորության պատճառով, և զգուշությամբ օգտվել հասարակական տրանսպորտի ցանկացած տեսակներից

Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը զգուշացրել է Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերն այցելելու մտադրություն ունեցող ԱՄՆ-ի քաղաքացիներին անձնական անվտանգության մասին մշտապես հոգ տանելու անհրաժեշտության մասին:

Արտգործնախարարության կողմից հրապարակված նախազգուշացման մեջ ասված է, որ Սոչիի օլիմպիական խաղերն այցելող ամերիկացիները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն բժշկական օգնություն ստանալու հնարավորությունների ապահովման, ահաբեկչական հարձակումների և հանցագործների թիրախը դառնալու հնարավորության, ցույցերից և հավաքներից խուսափելու մասին, անդրադարձ է կատարվել նաև Ռուսաստանում ԼԳԲՏ անձանց հետ կապված խնդիրներին:

Սոչիի օլիմպիական խաղերն այցելել ծրագրավորող ամերիկացիներին ԱՄՆ-ի արտգործնախարարությունը խորհուրդ է տվել ուսումնասիրելու բժշկական էվակուացման և Միացյալ Նահանգներ վերադարձի ապահովագրության հնարավորությունները: Նախազգուշացման մեջ ամերիկացիներին նաև կոչ է արվում պահպանել զգոնություն՝ ահաբեկչական վտանգների հնարավորության պատճառով, և զգուշությամբ օգտվել հասարակական տրանսպորտի ցանկացած տեսակներից:

ԱՄՆ-ի պետդեպը, բացի այդ, խորհուրդ է տվել երկրի քաղաքացիներին իրենց մոտ չպահել կանխիկ խոշոր գումարներ և օգտվել միայն տաքսիի լիցենզավորված ծառայություններից, քանի որ «օլիմպիական խաղերի նման միջոցառումները հանցագործների համար զբոսաշրջիկներին որպես թիրախ ընտրելու լավագույն հնարավորությունն են»:

Արտգործնախարարությունը զգուշացրել է նաև, որ բողոքի ցույցերը, երթերը և նման այլ խաղաղ ակցիաները կարող են շատ արագ վերածվել անկարգությունների, և խորհուրդ է տվել խուսափել նման միջոցառումներին մասնակցելուց:

Անդրադառնալով ԼԳԲՏ անձանց վերաբերյալ Ռուսաստանի օրենսդրությանը՝ ԱՄՆ-ի արտգործնախարարությունը նշել է, որ այդ օրենսդրության համաձայն ԼԳԲՏ անձանց հավասարության մասին ցանկացած տեսակի հայտարարություններն օրենքի խախտում են համարում, սակայն օրենքում հստակ չեն ձևակերպված իրավական հիմնական տերմինները:

«Ռուսաստանի իշխանությունները բավականին լայն են մեկնաբանում «ԼԳԲՏ քարոզչություն» հասկացությունը և հստակ չեն բացատրում, թե ինչպիսի գործողություններ կարող է գնահատվել որպես նման քարոզչություն», - ասված է ԱՄՆ-ի արտգործնախարարության նախազգուշացման մեջ:
XS
SM
MD
LG