Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հիշեցրել է Խոդորկովսկիի գործի մասին


«Միացյալ Նահանգները շարունակում է սատարել Ռուսաստանի բոլոր քաղաքացիների՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից հիմնարար ազատություններից օգտվելու իրավունքը»

Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Ջեն Փսաքին հրապարակել է հայտարարություն՝ նվիրված Միխայիլ Խորդորկովսկիի ձերբակալության հերթական տարելիցին:

«Տասը տարի առաջ այս օրը Միխայիլ Խոդորկովսկին, որն այն ժամանակ զբաղեցնում էր «ՅՈՒԿՈՍ» նավթային ընկերության ղեկավարի պաշտոնը, ձերբակալվել էր Ռուսաստանում: Նրան ներկայացվել էին ֆինանսական մի քանի հանցագործությունների կատարման մեղադրանքներ: Պարոն Խոդորկովսկին և իր գործընկեր Պլատոն Լեբեդևը մնում են անազատության մեջ այն բանից հետո, երբ 2010 թվականին նրանք մեղավոր էին ճանաչվել նոր մեղադրանքներով», - ասված է ԱՄՆ-ի արտգործնախարարության պաշտոնական կայքում նախօրեին հրապարակված հայտարարության մեջ:

«Կրկին մեր մտահոգությունն ենք արտահայտում այս գործերում տեղ գտած ընտրողական քրեական հետապնդման, քաղաքական հիմքեր ունեցող հետախուզության, ինչպես նաև պատշաճ իրավական ընթացակարգի նկատմամբ հարգանքի բացակայության հանգամանքով: Վերջին մի քանի դատական գործեր, այդ թվում՝ «Բոլոտնոյե գործով» դատավարությունները, նույնպես հարցեր են բարձրացնում Ռուսաստանում իրավունքի գերակայության սկզբունքի գործելու մասին» - նշում է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը:

«Միացյալ Նահանգները շարունակում է սատարել Ռուսաստանի բոլոր քաղաքացիների՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից հիմնարար ազատություններից օգտվելու իրավունքը», - եզրափակում է Միխայիլ Խորդորկովսկիի ձերբակալության հերթական տարելիցին նվիրված ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակի հայտարարությունը:
XS
SM
MD
LG