Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ժողովրդավարական տվյալները վկայում են տնտեսության վերականգնման մասին


Միացյալ Նահանգների պետական մարմինների տվյալների համաձայն, երկրում այնուամենայնիվ պահպանվում են աղքատության ռեկորդային ցուցանիշները

ԱՄՆ-ում ժողովրդագրական միտումների վերաբերյալ անցկացված նոր ուսումնասիրության տվյալները վկայում են այն մասին, որ երկրի տնտեսությունը հավանաբար սկսում է վերականգնվել:

Միացյալ Նահանգներում գործազրկության ցուցանիշը, որն արդեն 43 ամիս է, ինչ չի նվազում 8 տոկոսից, դեռևս բարձր է, սակայն ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոն հայտնել է, որ ամերիկացիների հետզհետե աճող թիվն անցյալ տարի տեղափոխվել է նոր տներ, իսկ ավելի մեծ թվով երիտասարդներ սկսել են լքել իրենց ծնողների բնակարանները:

Ժողովրդագրության ոլորտի մասնագետների համաձայն, այս երկու միտումները վկայում են տնտեսական աճի նկատմամբ վստահության ամրապնդման մասին:

Այս մասին վկայում է վիճակագրական ևս մեկ ցուցանիշ՝ Միացյալ Նահանգներում ծնունդների նվազեցման դանդաղեցումը: Չնայած անցյալ տարի երկրում ծնունդների թիվը նվազել է 55 հազարով կամ մեկ տոկոսով՝ հասնելով 4,1 միլիոն ծնունդ մակարդակի, սակայն այդ ցուցանիշը նվազագույնն էր 2008 թվականին սկսված տնտեսական անկման ժամանակից:

ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի կողմից հրապարակված այլ տվյալների համաձայն, բազմաթիվ ամերիկացիներ տնտեսության թույլ վերականգնման պատճառով դեռևս ֆինանսական դժվարություններ են ապրում: Նույնիսկ հաշվի առնելով, որ 2011 թվականի ընթացքում նոր բնակարաններ տեղափոխվելու ցուցանիշը բարելավվել է, սակայն բնակարանների սեփականության ցուցանիշը երկրում դեռևս 65 տոկոսից ցածր, որն մեկ տասնամյակի ընթացքում ամենացածր ցուցանիշն է: Միացյալ Նահանգներում գրեթե 15 միլիոն ընտանիք դիմել է պետական մարմիններ՝ ստանալով սննդի կտրոններ: Այս ցուցանիշը երկրի պատմության մեջ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:

ԱՄՆ-ի պետական մարմինների կողմից տրամադրված տվյալների համաձայն, երկրում պահպանվում են աղքատության ռեկորդային ցուցանիշները: Միացյալ Նահանգներում աղքատների թիվն այժմ կազմում է 46 միլիոն մարդ, կամ բնակչության 15 տոկոսը:
XS
SM
MD
LG