Մատչելի հղումներ

«ԱՄՆ-ի ԱԱԾ-ն ու ՀԴԲ-ն անմիջական մուտք ունեն դեպի առաջատար ինտերնետային ընկերությունների սերվերներ»


«Վաշինգտոն Փոստ»-ը պնդում է, թե հատուկ ծառայությունները կարող են վերահսկել միլիոնավոր ամերիկացիների էլեկտրոնային նամակագրությունը

«ԱՄՆ-ի Անվտանգության ազգային ծառայությունն ու Հետախուզությունների դաշնային բյուրոն տեղեկություններ են ձեռք բերում անմիջապես առաջատար ինտերնետային ինը ընկերությունների սերվերներից, ինչը հնարավորություն է ընձեռում քննիչներին ընթերցել օգտատերերի էլեկտրոնային հաղորդագրությունները, դիտել լուսանկարներն ու այլ փաստաթղթեր՝ մարդկանց ու նրանց կոնտակտներին հետևելու նպատակով»:

Այս մասին գրում է ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» պարբերականը, որի հոդվածում առաջին անգամ հիշատակվում է «Հատվածակողմ» (PRISM) հույժ գաղտնի հակաահաբեկչական ծրագրի մասին:

Պարբերականի համաձայն, ծրագրում մասնակցում են Սիլիկոնյան հովտի առաջատար գլոբալ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Microsoft», «Yahoo», «Google», «Facebook», «PalTalk», «AOL», «Skype», «YouTube» և «Apple»-ը:

«Վաշինգտոն Փոստ»-ը պնդում է, որ Միացյալ Նահանգների բնակիչների էլեկտրոնային հաղորդագրություններից տվյալների հսկա շտեմարան ստեղծելու նպատակով ԱԱԾ-ն ու ՀԴԲ-ն կորզում են տեսանյութեր և լսողական ֆայլեր, լուսանկարներ, էլեկտրոնային փաստաթղթեր, ինչպես նաև տեղեկություններ միացման արձանագրությունների մասին:

Ծրագրի իրականացումը, ըստ պարբերականի, սկսվել էր հանրապետական նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի պաշտոնավարման ժամանակ դեռևս 2007 թվականին, սակայն նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ընթացքում ծրագրի ծավալները արագ աճ են գրանցել:

«Google», «Apple», «Yahoo» և «Facebook» ընկերությունները նախօրեին հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ հերքել են դեպի իրենց կենտրոնական սերվերներ պետական մարմինների կողմից մուտք ունենալու մասին լուրերը:
XS
SM
MD
LG