Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը նախատեսում է փոխել Սիրիայի ընդդիմությանը տրամադրվող օգնության տեսակը


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ծանրութեթև է անում Սիրիայի ընդդիմությանը սպառազինություն առաքելը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ծանրութեթև է անում Սիրիայի ընդդիմությանը սպառազինություն առաքելը՝ քայլ, որին Միացյալ Նահանգները փորձում էր չդիմել այն մտահոգության պատճառով, որ զենքը կարող է վերջ ի վերջո հայտնվել Արևմտյան պետություններին ընդդեմ տրամադրված ապստամբների ձեռքում:

ԱՄՆ-ի Սպիտակ տան պաշտոնյաների համաձայն, նախագահ Օբաման դեռևս վերջնական որոշում չի կայացրել, սակայն դիմել է ազգային անվտանգության հարցերն ուսումնասիրող իր փորձագետներին՝ որոշելու համար եղանակները, որոնք թույլ կտան Միացյալ Նահանգներին ավելացնել Սիրիայի ապստամբներին տրամադրվող օգնությունը:

Մինչ այժմ Սիրիայի ապստամբներին տրամադրվող օգնությունը սահմանափակվում էր ոչ մահաբեր օժանդակությամբ:

Ազգային անվտանգության խորհրդի խոսնակի համաձայն, Սիրիայի ընդդիմությանն ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օգնության ծավալները «ավելանալու միտում ունեն»: Նա սակայն նշել է, որ դեռևս ուսումնասիրվում են այդ երկրում արդեն երկու տարուց ավելի շարունակվող ճգնաժամին քաղաքական լուծում գտնելու հնարավորությունները:

Նախագահ Օբաման նախօրեին ասել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ուղղված առավել վճռական գործողությունների իրականացումը հանձն առնելուց առաջ նրանց անհրաժեշտ է ավելի շատ փաստեր հավաքել այդ երկրում կիրառված քիմիական զենքի մասին:

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հորդորել է Սիրիայի իշխանություններին թույլատրել քիմիական զենք կիրառելու մեղադրանքների անմիջական հետաքննությունն՝ առանց որևէ նախապայմանների:

ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաաֆարին հերքել է իր երկրի կառավարության կողմից քիմիական զենքի կիրառման մեղադրանքները՝ իր հերթին մեղադրելով ապստամբներին զենքի այս տեսակի կիրառման մեջ:
XS
SM
MD
LG