Մատչելի հղումներ

«ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հանրապետական վերահսկողությամբ Թուրքիայի խնդիրները չեն ավարտվի»


«ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հանրապետական վերահսկողությամբ Թուրքիայի խնդիրները չեն ավարտվի»

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակը փորձում է կազմակերպել զանգվածային արշավ` ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում ներկայիս Կոնգրեսի գործողության ժամկետի ավարտից առաջ Հայոց ցեղասպանության բանաձևն ընդունելու համար:

Թուրքական «Հուրիեթ» օրաթերթը գրում է, թե Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակի արշավը մեկնարկել է բավականին անսովոր ժամանակ` նշելով, որ Հայոց ցեղասպանության հարցով բանաձևն ընունելուն ուղղված արշավները սովորաբար կազմակերպվում են ապրիլի 24-ի նախօրեին:

Թերթը նշում է, որ Վաշինգտոնում գործող որոշ վերլուծաբանների կարծքիքով, հայերը պարզապես փորձում են իրենց բախտը:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակն այս արշավը մեկնարկել է շոու-բիզնեսի ամերիկահայ աստղերի կողմից վերջերս նման արշավ իրականացնելուց հետո, որի ընթացքում նրանք կոչ էին անում Ներկայացուցիչների պալատի ներկայիս խոսնակ Նենսի Փելոսիին կազմակերպել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծով քվեարկություն` նախքան Փելոսիի պաշտոնավարության ժամկետի ավարտը:

«Հուրիեթ»-ը գրում է նաև, որ բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով, հանրապետականների կողմից Ներկայացուցիչների պալատում վերահսկողության հաստատումը դեռ չի նշանակում, որ Թուրքիան այլևս խնդիրներ չի ունենալու: Սպասվում է, որ նոր Կոնգրեսի աշխատանքները մեկնարկելուց հետո Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ է դառնալու Իսրայելի եռանդուն աջակից Իլեանա Ռոս-Լեհթինենը:

«Ռոս-Լեհթինենը և իսրայելամետ օրենսդիրները կարող են ընդունել հակաթուրքական օրենսդրական միջոցներ` ի պատասխան Իսրայելի հետ Թուրքիայի վատթարացող հարաբերությունների», - եզրափակում է «Հուրիեթ»-ը:

XS
SM
MD
LG