Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը քննադատել է Էրդողանի հայտարարությունն Իսրայելի մասին


ԱՄՆ-ի Սպիտակ տան ներկայացուցիչը «վիրավորական» է անվանել Թուրքիայի վարչապետի ենթադրությունները

ԱՄՆ-ը քննադատության է ենթրակել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որտեղ վերջինս մեղադրել է Իսրայելին Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսիին զինված ուժերի կողմից պաշտոնանկ անելու գործողություններում ներգրավված լինելու մեջ:

«Մենք խստորեն դատապարտում ենք վարչապետ Էրդողանի հայտարարությունները: Այն ենթադրությունը, որի համաձայն Իսրայելը որևէ պատասխանատվություն է կրում Եգիպտոսում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների համար, վիրավորական է, անհիմն ու ոչ ճիշտ», - ասել է ԱՄՆ-ի Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էրնեստը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ՝ պնդելով, որ Եգիպտոսում այս տարվա հուլիսի 3-ին զինված ուժերի կողմից նախագահ Մոհամեդ Մորսիի տապալման հետևում կանգնած է Իսրայելը:

«Եգիպտոսում հեղաշրջման հետևում կանգնած է Իսրայելը, և մենք այդ մասին վկայություններ ունենք»,- ասել է Էրդողանը երեքշաբթի օրը՝ Անկարայում իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների հետ հանդիպման ընթացքում, որի ժամանակ Էրդողանը նաև հիշատակել էր, առանց անունը նշելու, Ֆրանսիայի հրեա մտավորականներից մեկի խոսքերը, որը 2011 թվականին ասել էր, թե «Մահմեդական եղբայրությունն իշխանության գլուխ չի մնա, նույնիսկ եթե ընտրված լինի, քանի որ ժողովրդավարությունը քվեատուփի մեջ չէ»:
XS
SM
MD
LG