Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների մրցունակությունը նվազում է


Հայաստանի մրցունակությունը նախորդ տարվա համեմատ արձանագրել է առաջընթաց 10 կետով

«Համաշխարհային տնտեսական ֆորում» կազմակերպության համաձայն, աշխարհում խոշորագույն տնտեսությունն ունեցող Միացյալ Նահանգների մրցունակությունն աշխարհում գնալով նվազում է այն պատճառով, որ երկրի ղեկավարությունը չի կարողացել դեմն առնել գնալով աճող պետական պարտքի և շարունակել է իրականացնել պետական բյուջեի պակասորդն ավելացնող ծախսեր:

Ժնևում իր գործունեությունն իրականացնող կազմակերպությունը չորեքշաբթի օրը հանդես է եկել այս հայտարարությամբ՝ նշելով, որ Միացյալ Նահանգները մնում է աշխարհում ինովացիաների ամենախոշոր շարժիչ ուժը: Սակայն, ըստ կազմակերպության, աշխարհի գործարարները մտահոգված են ԱՄՆ-ի հասարակության կողմից երկրի քաղաքական ղեկավարության նկատմամբ վստահության, ինչպես նաև «կառավարության աշխատանքի արդյունավետության» բացակայությամբ:

Ըստ «Համաշխարհային տնտեսական ֆորում»-ի կողմից հրապարակված զեկույցի, Միացյալ Նահանգներն արդեն չորրորդ տարին է, ինչ ավելի ցածր տեղ է զբաղեցնում համաշխարհային մակարդակով անցկացվող այս հետազոտության մեջ:

Կազմակերպության գլխավոր տնտեսագետ Ջենիֆեր Բլանկեն հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ Միացյալ Նահանգներն ունի մի շարք լուրջ թուլություններ, որոնք խոչընդոտում են երկրի մրցունակությանը:

Միացյալ Նահանգների դիրքը, ըստ կազմակերպության կողմից հրապարակված 2012 – 2013 թվականների Մրցակցության համաշխարհային զեկույցի, նախորդ տարի զբաղեցրած հինգերորդ տեղից նվազել է երկու կետով, և երկիրն այժմ զբաղեցնում է յոթերորդ տեղը:

Ինչպես և նախորդ տարի, այս տարի նույնպես ամենամրցունակը ճանաչվել է Շվեյցարիան, որին հետևում է երկրորդ տեղում գտնվող Սինգապուրը և երրորդ տեղը զբաղեցնող Ֆինլանդիան:

Նույն զեկույցի համաձայն, Հայաստանը 144 երկրների շարքում զբաղեցնում է 82-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ արձանագրելով առաջընթաց 10 կետով: Նախկին Խորհրդային միության երկրներից առավելագույնը՝ 21 կետով իր դիրքերը բարելավել է Ղազախստանը, իսկ Ռուսաստանը նախորդ տարվա համեմատությամբ գրանցել է մեկ կետով հետընթաց:

Անցյալ տարվա համեմատությամբ 11 կետով իր դիրքը բարելավել է Վրաստանը՝ անցյալ տարի զբաղեցրած 88 տեղից տեղափոխվելով 77-րդ դիրք:

Տարածաշրջանի երկրներից զեկույցում ամենաբարձր դիրքը գրավում է Ադրբեջանը, որը, նախորդ տարվա 55-րդ դիրքի համեմատությամբ, այս տարվա զեկույցում զբաղեցրել է 46-րդ տեղը:
XS
SM
MD
LG