Մատչելի հղումներ

Միլիարդավոր դոլարներ՝ ամերիկյան ընկերությունների օֆշորային հաշիվներին


Շվեյցարական մասնավոր Julius Baer բանկի նկատմամբ հետաքննություն են անցկացնում ԱՄՆ-ի իշխանությւոնները, որոնք փորձում են նվազեցնել հարկերից խուսափելու ծավալները (արխիվային լուսանկար)
Շվեյցարական մասնավոր Julius Baer բանկի նկատմամբ հետաքննություն են անցկացնում ԱՄՆ-ի իշխանությւոնները, որոնք փորձում են նվազեցնել հարկերից խուսափելու ծավալները (արխիվային լուսանկար)

Ամերիկյան 60 ընկերությունների վերլուծության հիման վրա կազմված զեկույցում նշվել է, որ օֆշորային հաշիվներին ամերիկյան ընկերություններն անցյալ տարի ընդհանուր առմամբ փոխանցել են 166 միլիարդ դոլար

Ամերիկյան «Ուոլ Սթրիտ Ջորնըլ» հեղինակավոր պարբերականի համաձայն, չնայած ամերիկյան ընկերությունները ռեկորդային եկամուտներ են գրանցում, նրանց կողմից վաստակած գումարներն այնուամենայնիվ մնում են այս ընկերությունների օֆշորային հաշիվներին այն երկրներում, որտեղ դրանց նկատմամբ կիրառվում են ավելի ցածր հարկադրույքներ:

Պարբերականը ներկայացրել է ամերիկյան 60 ընկերությունների վերլուծությունը, որի հիման վրա կազմված զեկույցում նշվել է, որ օֆշորային հաշիվներին այս ընկերություններն անցյալ տարի ընդհանուր առմամբ փոխանցել են 166 միլիարդ դոլար՝ ԱՄՆ-ի հարկային համակարգ այսպիսով չմուծելով իրենց տարեկան եկամուտների ավելի քան 40 տոկոսը:

Նման գործելակերպն օրինական է ԱՄՆ-ում գործող կանոնների համաձայն, որոնք թույլ են տալիս չիրականացնել օտարերկրյա պետություններում վաստակած գումարների հարկումն այն դեպքում, եթե այս գումարները չեն բերվում Միացյալ Նահանգներ:

«Ուոլ Սթրիտ Ջորնըլ»-ի համաձայն, եթե ցանկում ներառված 60 ընկերություններից ընդամենը 19-ը Միացյալ Նահանգներ վերադարձնեն իրենց օֆշորային եկամուտները, ապա այդ եկամուտների նկատմամբ կիրառվող դաշնային հարկադրույքի ծավալը կկազմի 98 միլիարդ դոլար, ինչը գերազանցում է այս ամսվա սկզբին պետական բյուջեի ուժի մեջ մտած 85 միլիարդ դոլար կազմող ավտոմատ կրճատումները:

Պարբերականի համաձայն, վերլուծության համար այդ 60 ընկերություններն ընտրվեն են այն պատճառով, որ 2011 թվականին դրանցից յուրաքանչյուրն օֆշորային գործարքներից վաստակել է առնվազն 5 միլիարդ դոլար:

Գործարար բազմաթիվ խմբեր նշում են, որ Միացյալ Նահանգներում հարկադրույքներն ավելի բարձր են, քան բազմաթիվ այլ պետություններում, ինչն անբարենպաստ պայմաններ է ստեղծում ամերիկյան ընկերությունների համար:
XS
SM
MD
LG