Մատչելի հղումներ

Սիրիայում զոհված ինքնասպան ահաբեկիչն ԱՄՆ-ի քաղաքացի էր


Արտգործնախարարության խոսնակը հաստատել է, որ Սիրիայում պատերազմ սկսելուց հետո սա առաջին դեպքն է, երբ այս երկրում պայթյուն է իրականացնում ԱՄՆ-ի քաղաքացի ինքնասպանը

Միացյալ Նահանգների իշխանությունները հաստատել են, որ Սիրիայում տեղի ունեցած ռմբակոծություններից մեկն իրականացվել էր ԱՄՆ-ի քաղաքացի ինքնասպանի կողմից:

«Աբու Հուրայա ալ-Ամրիկի» մականունով ինքնասպանը, որը գործում էր «Ջաբհաթ ալ-Նուսրա» անվանումը կրող և «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող ահաբեկչական կազմակերպության կազմում, իրականացրել էր Սիրիայի Իդլիբ նահանգում մայիսի 25-ին տեղի ունեցած չորս ռմբակոծություններից մեկը:

ԱՄՆ-ի անվտանգության ուժերի ներկայացուցիչներից մեկը Սիրիայում ռմբակոծություն իրականացրած ինքնասպանին նույնականացրել է Մոներ Մոհամմադ Աբուսալհա անունով: «Նյու Յորք Թայմս» ամերիկյան պարբերականի համաձայն, վերջինս ապրել է Ֆլորիդայում, իսկ Սիրիա է տեղափոխվել անցյալ տարի:

ԱՄՆ-ի անվտանգության ուժերի ներկայացուցչի համաձայն, Միացյալ Նահանգների պետական մարմինները տեղյակ էին, որ ԱՄՆ-ի այս քաղաքացին Սիրիա էր ուղևորվել՝ զինյալներին միանալու նպատակով, սակայն լրացուցիչ որևէ մանրամասն չի տրամադրել:

Միացյալ Նահանգների արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքին հաստատել է, որ Սիրիայում պայթյուններ իրականացրած ինքնասպաններից մեկը եղել է ԱՄՆ-ի քաղաքացի:

Արտգործնախարարության խոսնակը հաստատել է նաև, որ Սիրիայում պատերազմ սկսելուց հետո սա առաջին դեպքն է, երբ այս երկրում պայթյուն է իրականացնում ԱՄՆ-ի քաղաքացի ինքնասպանը:
XS
SM
MD
LG