Մատչելի հղումներ

Տարաձայնություններ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև՝ Սնոուդենի հարցում


Չինաստանի պետական խորհրդական «Հոնկոնգի կողմից այս իրավիճակի ընթացքում իրականացված գործողությունները չեն կարող արժանանալ որևէ քննադատության»

Միացյալ Նահանգների ու Չինաստանի միջև պահպանվում են տարաձայնություններն ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենի հարցում:

ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Ուիլյամ Բերնսը Վաշինգտոնում ԱՄՆ-Չինաստանի բարձրաստիճան հանդիպման ժամանակ ասել է, թե Միացյալ Նահանգները հիասթափված է Սնոուդենին փոխանցելուց հրաժարվելու Չինաստանի որոշմամբ:

Չինաստանի պետական խորհրդական Յանգ Ջիեչին սակայն արձագանքել է՝ ասելով, որ Հոնկոնգի կողմից այս իրավիճակի ընթացքում իրականացված գործողությունները «չեն կարող արժանանալ որևէ քննադատության»:

Չինաստանի պետական «Սինհուա» լրատվական գործակալությունը հաղորդել է, թե բանակցությունների ընթացքում Սնոուդենի հարցում փոխադարձ մեղադրանքները սաստկացնելու փոխարեն Պեկինը «կառուցողական մոտեցում է ցուցաբերել»՝ փորձելով աշխատել Վաշինգտոնի հետ համակարգչային անվտանգության հարցերի շուրջ:

Էդվարդ Սնոուդենը գտնվում է Մոսկվայի օդանավակայանում, որտեղից փորձում է ստանալ քաղաքական ապաստան: Միացյալ Նահանգները դադարեցրել է Սնոուդենի անձնագրի գործողությունը և ցանկանում է, որպեսզի հետախուզական ծառայությունների նախկին կապալառուն փոխանցվի իրեն: Ռուսաստանը սակայն հրաժարվել է Սնոուդենին փոխանցելուց, սակայն հորդորել է վերջինիս դիմել այլ պետություններին՝ քաղաքացիական ապաստան ստանալու նպատակով:
XS
SM
MD
LG