Միացյալ Նահանգները զգուշացրել է Չինաստանին, որ այս պետության դեմ կարող են տուգանքներ կիրառվել այն դեպքում, եթե չինական բանկերը գործարքներ իրականացնեն Իրանի ֆինանսական այն հաստատությունների հետ, որոնք առնչություն ունեն Իրանի կողմից իրականացվող միջուկային ծրագրի հետ:
Այս հայտարարությամբ Պեկին կատարվող իր ակցի ընթացքում չորեքշաբթի օրը հանդես է եկել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հանձնակատար Դեյվիդ Քոհենը` ասելով, որ Միավորված ազգերի կազմակերպության կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների շրջանակներում պետական խոշորագույն չորս բանկերի մուտքը օտարերկրյա ֆինանսական համակարգեր կարող է սահմանափակվել:
Քոհենը գտնվում է Չինաստանում` Պեկինում և Հոնկոնգում պաշտոնատար անձանց հետ բանակցություններ անցկացնելու համար, որոնց ընթացքում քննարկվել են միջուկային ծրագրի ֆինանսավորման դադարեցման նպատակով միջազգային ֆինանսական շուկաներ Թեհրանի մուտքն արգելելու միջոցառումները:
Քոհենը Չինաստանի իշխանություններին նախազգուշացրել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության ծովային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերության (IRISL) հետ գործարքներ իրականացնելու անթույլատրելիության մասին, քանի որ տրանսպորտային այս ընկերությունը ԱՄՆ-ի կողմից մտցվել է «սև ցուցակ»` Թեհրանի կողմից իրականացվող միջուկային ծրագրի հետ կապեր ունենալու պատճառով: