Չինաստանի իշխանությունները սահմանելու են նոր մաքսատուրքեր Միացյալ Նահանգներից ներմուծվող որոշ ավտոմոբիլների վրա:
Երկրի Առևտրի նախարարությունը չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ 2-ից 2,5 տոկոս մաքսատուրք է սահմանվելու 2,5 լիտր շարժիչի ծավալը գերազանցող ներմուծվող մարդատար և սպորտային մեքենաների վրա:
Չինաստանի նախարարությունը հայտնել է, թե մաքսատուրքերը սահմանվում են այն պատճառով, որ Չինաստանի ավտոարտադրողները «զգալի վնաս» են կրել Միացյալ Նահանգներից արտադրության ինքնարժեքից ցածր գներով ավտոմոբիլներ ներմուծելու պատճառով:
Մաքսատուրքերը սահմանվելու են «General Motors», «Chrysler», «Ford», «Mercedes-Benz U.S. International», «BMW Manufacturing» և «American Honda Motor» ընկերությունների կողմից արտադրված ավտոմոբիլների վրա:
Աշխարհի խոշորագույն տնտեսություններ ունեցող Չինաստանի ու Միացյալ Նահանգների միջև արդեն երկար ժամանակ մի շարք հարցերի շուրջ ընթանում է «առևտրային պատերազմ»: Երկու պետությունների միջև առևտրային հարաբերություններում չլուծված խնդիր են մնում Չինաստանում արտադրվող արևային պանելները, Միացյալ Նահանգներում արտադրվող հավի միսը, ինչպես նաև Չինաստանի դրամը, որի գինը, Վաշինգտոնի կարծիքով, արհեստականորեն նվազեցված է:
ԱՄՆ-ի օրենսդիրները շարունակում են պահանջել Չինաստանում արտադրվող ապրանքների նկատմամբ պատժիչ մաքսատուրքերի սահմանումն այն դեպքում, եթե Պեկինը չթուլացնի արհեստականորեն արժեզրկված իր դրամի նկատմամբ հսկողությունը, որն անարդար առավելություն է տալիս այս երկրի արտահանողներին:
Միացյալ Նահանգներն արդեն երկար ժամանակ մեղադրում է Չինաստանին իր արժույթի արժեքը ցածր պահելու մեջ, ինչի պատճառով այս երկրի հետ առևտրային հարաբերություններում 2010 թվականին գոյացել է ավելի քան 270 միլիարդ դոլարի պակասորդ: