Մատչելի հղումներ

Վաշինգտոնում մեկնարկում են ԱՄՆ-Չինաստան ամենամյա բանակցությունները


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ Կալիֆորնիայում (արխիվային լուսանկար)
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ Կալիֆորնիայում (արխիվային լուսանկար)

Իրավապաշտպանները հորդորում են ԱՄՆ-ին կոշտ դիրք զբաղեցնել մարդու իրավունքներին առնչվող հարցերում

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում չորեքշաբթի օրը մեկնարկում են երկու պետությունների դիվանագետների միջև անցկացվող ամենամյա բանակցությունները, որոնց ընթացքում կքննարկվեն անվտանգությանը և տնտեսական հարաբերություններին առնչվող խնդիրներ:

Նման երկխոսություն անցկացվում է արդեն հինգերորդ անգամ և հնարավորություն է ընձեռում Վաշինգտոնին և Պեկինին քննարկելու, իսկ երբեմն նաև՝ անհամաձայնություն հայտնելու աշխարհի խոշորագույն տնտեսություններն ունեցող երկու պետությունների համագործակցության հարցերի շուրջ:

Ռազմավարական և տնտեսական երկխոսության ընթացքում Միացյալ Նահանգների պատվիրակությունը կգլխավորեն ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին և ֆինանսների նախարար Ջեք Լյուն: Չինաստանի պատվիրակությունը ներկայացնում են պետական խորհրդական Յանգ Ջիեչին և փոխվարչապետ Վանգ Յենգը:

Երկօրյա բանակցություններին ընդառաջ Միացյալ Նահանգներին կոչ է արվել օգտագործել այս հնարավորությունը՝ բարձրաձայնելու համար Չինաստանում մարդու իրավունքների շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերվող խնդիրները, որոնց նկատմամբ Պեկինն առանձնակի զգայունություն է ցուցաբերում:

Իրավապաշտպան «Human Rights Watch» կազմակերպության համաձայն, Միացյալ Նահանգները պետք է պատասխան պահանջի Չինաստանից կառավարության ընդդիմախոսների, խոսքի ազատության և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող քաղաքականության ոլորտում առաջընթացի բացակայության համար:

Միացյալ Նահանգների երկու կուսակցությունները ներկայացնող մի խումբ օրենսդիրներ նաև հորդորել են ԱՄՆ-ին ճնշում գործադրել Չինաստանի նկատմամբ՝ տնտեսական մի շարք խնդիրների, այդ թվում՝ մտավոր սեփականության և մրցակցության հարցերում:

Ամենամյա բանակցությունները մեկնարկելուց առաջ Միացյալ Նահանգների և Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները բանակցություններ են վարել համակարգչային անվտանգության ոլորտի շուրջ, որը նույնպես համարվում է ոլորտ, որտեղ երկու տերությունների միջև պահպանվում են տարաձայնություններ:
XS
SM
MD
LG