Մատչելի հղումներ

Չինաստանի նախագահը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի օրենսդիրների հետ


Չինաստանի նախագահը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի օրենսդիրների հետ

Չինաստանի նախագահը ԱՄՆ-ի Կոնգրեսում հինգշաբթի օրը հանդիպումներ է անցկացրել Չինաստանի կառավարության ամենաանզիջում քննադատների հետ:

Կոնգրեսականներն իրենց զայրույթն են արտահայտել Չինաստանում մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաև այս երկրի արժութային քաղաքականության համար, որը, ըստ օրենսդիրների, հանգեցնում է Միացյալ Նահանգների աշխատանքային շուկայում իրավիճակի վատթարացմանը:

Հու Ջինթաոն նախորդ օրը մասնակցել էր Սպիտակ տանն իր պատվին անցկացված պաշտոնական հանդիպմանը և բանակցություններ անցկացրել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող բազմաթիվ խնդիրներ:

Կոնգրեսի երկու պալատների առաջնորդները` Սենատի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդը և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոները մերժել են չորեքշաբթի օրը կայացած պաշտոնական ընթրիքի հրավերը: Օրենսդիրները հայտնել են, թե իրենք պարզապես սպասում են Չինաստանի նախագահի հետ հինգշաբթի օրը կայանալիք հանդիպմանը:

Այս շաբաթ հեռուստատեսային մի հարցազրույցում Հարրի Ռիդը, խոսելով Չինաստանի նախագահի մասին, «բռնապետ» է անվանել նրան, սակայն ավելի ուշ հայտնել, թե զղջում է իր կողմից արված մեկնաբանության համար:

Լրատվամիջոցների հետ Նախագահ Օբամայի համատեղ հանդիպման ընթացքում Չինաստանի նախագահը հանդես է եկել իր երկրում մարդու իրավունքների վերաբերյալ բացառիկ հայտարարությամբ: Օբամայի կողմից «մարդու համընդհանուր իրավունքները» պաշտպանելու Չինաստանին ուղղված կոչից հետո Հու Ջինթաոն պատասխան խոսքում նշել է, որ իր երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը բարելավելու համար դեռևս մեծ աշխատանք պետք է կատարվի:

Չինաստանի նախագահը հինգշաբթի օրվա վերջին Չիկագո մեկնելուց առաջ մասնակցելու է ԱՄՆ-ի գործարարների համաժողովին, որի ընթացքում հանդես է գալու Չինաստանի կողմից որպես «հիմնարար ուղերձ» գնահատվող ելույթով:

XS
SM
MD
LG