Բոստոնում ահաբեկչական հարձակումների, որոնց հետևանքով զոհվել է երեք, վնասվածքներ ստացել՝ 264 մարդ, հետաքննության շրջանակներում, ըստ Բոստոնի ոստիկանության, ձերբակալվել է ևս երեք մարդ:
Կասկածյալներից երկուսը Միացյալ Նահանգներ էր ժամանել Ղազախստանից. Դիաս Քադիրբաևը Ղազախստանի Աթիրաու, իսկ Ազամաթ Թաջայակովը Ալմաթի քաղաքից է:
Մասաչուսեթս նահանգի դատարան ներկայացված փաստաթղթերի համաձայն, Քադիրբաևն ու Թաջայակովը մեղադրվում են այն բանի մեջ, որ Ջոխար Ցառնաևի սենյակում ԱՄՆ ՀԴԲ-ի գործակալների կողմից անցկացված խուզարկումից երկու օր առաջ այդ սենյակից դուրս էին բերել պայթուցիկ նյութերի բացված փաթեթներ պարունակող մի ուսապարկ և համակարգիչ:
Քադիրբաևը, Թաջայակովն ու ձերբակալված երրորդ կասկածյալը՝ ԱՄՆ-ի քաղաքացի Ռոդել Ֆիլիպոսը, և Ջոխար Ցառնաևը Դարթմուտի համալսարան էին ընդունվել 2011 թվականին և հետագայում, 2012 թվականի գարնանը՝ ընկերացել: Երեքն էլ, ինչպես և Ցառնաևը, այժմ 19 տարեկան են:
Դատարան ներկայացված փաստաթղթերի համաձայն, Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչական հարձակումներ իրականացրած կասկածյալների պատկերները հեռուստացույցով ցուցադրելուց հետո Քադիբաևը հայտնաբերել է, որ նրանցից մեկը շատ նման էր Ջոխար Ցառնաևին: Քադիբաևը SMS` տեքստային հաղորդագրություն էր գրել Ցառնաևին, որին Ցառնաևը պատասխանել էր, թե նրանց միջև նման միջոցով կապ պահպանել այլևս չարժե, և խորհուրդ էր տվել Քադիրբաևին վերցնել նրա սենյակից այն ամենն, ինչ Քադիրբաևը կցանկանար: Նույն օրվա երեկոյան Քադիբաևը, Թաջայակովն ու Ֆիլիպոսը հանդիպել էին և Ցառնաևի սենյակից դուրս էին բերել ուսապարկն ու ծնկադիր համակարգիչը, որը վերջիններս որոշել էին դեն նետել՝ Ցառնաևին օրենքի հետ խնդիրներից խուսափելու գործում օգնություն ցուցաբերելու նպատակով: Այդ ժամանակ Քադիրբաևն արդեն գիտեր, որ Ջոխարի ավագ եղբայր Թամերլան Ցառնաևը սպանվել էր: Քադիրբաևը դեն էր նետել Ջոխարի իրերը աղբանոց, սակայն ավելի ուշ դրանք հայտնաբերվել էին ՀԴԲ-ի գործակալների կողմից:
Քադրբաևն ու Թաջայակովը, բացի դրանից, գրանցված էին «Վ Կոնտակտե» սոցիալական ցանցում, սակայն իրենց ընկերների ցանկում Ջոխար Ցառնաևն այժմ նշված չէ: Նրանք, բացի այդ, փոփոխություններ էին կատարել «Facebook» կայքի իրենց էջերում՝ հեռացնելով այն լուսանկարները, որոնց վրա պատկերված էր Ցառնաևը: Օրինապահ մարմինները սակայն նման գործողություններն ապացույցների ոչնչացում են համարում:
Ղազախստանցի երկու կասկածյալներն ԱՄՆ-ի իշխանությունների ուշադրությունն էին գրավել ավելի վաղ՝ ներգաղթային օրենսդրության խախտումների պատճառով, քանի որ կասկածյալները, Միացյալ Նահանգներում գտնվելու ժամանակ, բացակայում էին դասերից:
Քադիրբաևի և Թաժայակովի փաստաբաններ Ռոբերտ Ստալն ու Հարլան Փրոթասը Բոստոնում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտնել են, որ իրենց պաշտպանյալները «ցնցված էին ահաբեկչական հարձակումներով», ակտիվորեն համագործակցում են հետաքննության հետ և հույս ունեն, որ շուտով հնարավոր կդառնա պարզել հարձակումների բոլոր մանրամասները: Փաստաբանները, բացի այդ, շեշտել են, որ պաշտպանյալները տեղյակ չէին հետաքննության համար նրանց կողմից դուրս բերված իրերի կարևորության մասին՝ չկասկածելով, որ գործ ունեն ապացույցների հետ:
Քադիրբաևն ու Թաժայակովը հերքում են իրենց ներկայացված մեղադրանքները և հրաժարվել են գրավի դիմաց ազատ արձակվելուց՝ առնվազն մինչև գալիք դատավարությունը:
Ռուսաստանի «ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդագրության համաձայն, Ղազախստանի ԱԳՆ-ը հաղորդագրություն է հրապարակել, որտեղ նշվել է, թե Ղազախստանը բաց է ԱՄՆ-ի պետական մարմինների հետ այս խնդրի շուրջ համագործակցության համար:
Ղազախստանի ԱԳՆ-ի կայքում սակայն նման հայտարարություն հրապարակված չէր: «Ամերիկայի Ձայն»-ի լրագրողին Աստանայում Ղազախստանի ԱԳՆ-ի հերթապահ դիվանագետը հայտնել է, որ այս երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը դեռևս որևէ հայտարարություն չի պատրաստել այս հարցի շուրջ: ԱՄՆ-ում Ղազախստանի դեսպանության ներկայացուցիչը սակայն հաղորդել է «Ամերիկայի Ձայն»-ի լրագրողին, որ դեսպանությունում տարվում են այդ երկրի քաղաքացիների ձերբակալության վերաբերյալ հայտարարության մշակմանն ուղղված աշխատանքներ, սակայն հրաժարվել է առավել մանրամասն տեղեկություններ ներկայացնելուց:
Մինչ այժմ ԱՄՆ-ի իշխանությունները հաղորդել են ահաբեկչական հարձակումների երկու գլխավոր կատարողի մասին, որոնցից մեկը՝ Թամերլան Ցառնաևը, սպանվել էր հրաձգության մեջ, մյուսը՝ Ջոխար Ցառնաևը, վնասվածքներ էր ստացել և այժմ գտնվում է Մասաչուսեթս նահանգի բանտերից մեկի հիվանդանոցում:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Ջեյսով Չեֆիցը հայտնել է քննիչների այն վարկածի մասին, որի համաձայն Ցառնաև եղբայրները հանցակիցներ ունեին:
ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղար Ջեյ Քարնին իր հերթին ասել, որ նախագահ Բարաք Օբաման մշտապես տեղեկացվում է Բոստոնի հարձակումների հետաքննության ընթացքի մասին:
Նախագահ Օբաման ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներին այժմ սպառնացող վտանգներից մեկն այն անձինք են, որոնք, արդեն իսկ գտնվելով ԱՄՆ-ում, ընկալում են ծայրահեղական գաղափարներ՝ չմասնակցելով այդուհանդերձ ահաբեկչական խմբավորումների գործունեության: