Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում զգալի աճ է գրանցել իսպանախոս բնակչությունը


ԱՄՆ-ում զգալի աճ է գրանցել իսպանախոս բնակչությունը

ԱՄՆ-ում 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով, իսպանախոս բնակչությունը սպասվածից ավելի արագ աճ է գրանցել` ապահովելով վերջին տասը տարիների ընթացքում Միացյալ Նահանգներում բնակչության աճի կեսից ավելին:

Իսպանախոս ամերիկացիներն արդեն իսկ կազմում են ամենամեծ փոքրամասնությունը, սակայն նոր տվյալների համաձայն, նրանց աճը գրանցվել է ամբողջ երկրում: Ամենամեծ աճը գրանցվել է հարավային նահանգներում` ներառյալ Ալաբամա և Հյուսիսային Կարոլինա նահանգներում, որտեղ ավանդաբար չեն եղել իսպանախոս բնակչության մեծ համայնքներ:

Աֆրիկյան ծագումով ամերիկացիները Միացյալ Նահանգներում կազմում են երկրորդ ամենամեծ փոքրամասնությունը։ Շատ արագ է աճում նաեւ ասիական ծագումով ամերիկացիների թիվը։

Ոչ իսպանախոս սպիտակամորթ ամերիկացիները դեռևս կազմում են ԱՄՆ-ի բնակչության մեծամասնությունը, սակայն հաշվարկները ցույց են տալիս, որ մոտ երեք տասնամյակից նրանք կարող են փոքրամասնության վերածվել:

ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի տվյալները մեծ քաղաքական նշանակություն ունեն, քանի որ գալիք մի քանի ամսվա ընթացքում նահանգներն աշխատելու են քաղաքական շրջանների սահմանները փոփոխելու ուղղությամբ` հիմք ընդունելով երկրի բնակչության մասին ստացված տվյալները: Այս փոփոխություններն, իրենց հերթին, անմիջապես ազդեցություն են ունենալու ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի վրա, որտեղ յուրաքանչյուր նահանգի հատկացվող տեղերի թիվը որոշվում է տվյալ նահանգի բնակչության թվին համապատասխան:

XS
SM
MD
LG