Մատչելի հղումներ

Հարգանքի տուրք ԱՄՆ-ում՝ իրավապաշտպան Մարթին Լյութեր Քինգի հիշատակին


Ոչ բռնի ցույցերի ջատագով Քինգը սպանվել էր 1968 թվականին՝ 39 տարեկան հասակում: ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում Մարթին Լյութեր Քինգի հիշատակին հուշարձան է կառուցվել

Միացյալ Նահանգներում այսօր հարգանքի տուրք են մատուցում քաղաքացիական իրավունքների շարժման առաջնորդ Մարթին Լյութեր Քինգի հիշատակին՝ նշելով իրավապաշտպանի պետական տոնի կարգավիճակ ունեցող իր ծննդյան օրը:

Այս օրը որպես ոչ աշխատանքային է հայտարարվել 1983 թվականին այն ժամանակ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոնալդ Ռեյգանի կողմից՝ որպես հարգանքի տուրք Մարտին Լյութեր Քինգին, որը ծնվել էր 1929 թվականի հունվարի 15-ին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում:

Քինգը եղել է բապտիստական քարոզիչ, որը 1950-ական և 1960-ական թվականների պայքարել է խտրականության և ռասիզմի դեմ՝ հիմնականում Միացյալ Նահանգների հարավային մասերում, որտեղ սևամորթ ամերիկացիները ենթարկվում էին անհավասար վերաբերմունքի, և նրանց դեմ ժամանակ առ ժամանակ բռնություններ էին իրականացվում:

Ոչ բռնի ցույցերի ջատագով Քինգը սպանվել էր 1968 թվականին՝ 39 տարեկան հասակում: ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում Մարթին Լյութեր Քինգի հիշատակին հուշարձան է կառուցվել:

Քինգը ճանաչում է ստացել Ալաբամա նահանգի մայրաքաղաք Մոնթգոմերիի հասարակական տրանսպորտում խտրականության դեմ իրականացված արշավի հաջողության հասնելուց հետո: Այդ ժամանակ քաղաքում գործող համակարգի համաձայն պահանջվում էր, որ սևամորթները հասարակական տրանսպորտում զբաղեցնեն հետևի տեղերը, իսկ տեղ չլինելու դեպքում՝ զիջեն իրենց տեղերը սպիտակամորթներին:

«Քաղաքացիական իրավունքների մասին» 1964 թվականին ընդունված շրջադարձային օրենքով խտրականությունն անօրինական է ճանաչվել: Նույն տարին Քինգը արժանացել էր Խաղաղության Նոբելյան մրցանակի:
XS
SM
MD
LG