Մատչելի հղումներ

«Ադրբեջանում նախագահի ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին». ԱՄՆ-ի ԱԳՆ


«Բազմիցս հորդորել ենք Ադրբեջանի կառավարությանը երաշխավորել ընտրական ազատ և արդար գործընթաց և ափսոսում ենք, որ այս ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշների»

Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին անցկացված նախագահական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին, հայտարարում է Միացյալ Նահանգների արտգործնախարարությունն` այսպիսով հավանություն տալով ԵԱՀԿ-ի դիտորդների զեկույցին, ուր մատնանշված են բազմաթիվ ընտրախախտումներ:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Մարի Հարֆի համաձայն, «ընտրությունների գործընթացը չի սկսվում կամ ավարտվում ընտրությունների անցկացման օրը», և Միացյալ Նահանգներն ուշիուշով հետևում է Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումներին:

«Բազմիցս հորդորել ենք Ադրբեջանի կառավարությանը երաշխավորել ընտրական ազատ և արդար գործընթաց և ափսոսում ենք, որ այս ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշների», - ասել է Հարփը:

Անդրադառնալով Ադրբեջանում անցկացված ընտրություններին, նախընտրական շրջանում բազմաթիվ ընտրախախտումներին և քվեատուփելի լցոնումների պատճառով քննադատության ենթարկած ԵԱՀԿ-ի զեկույցին՝ ԱՄՆ-ի արտգործնախարարի խոսնակը մատնանշել է, որ նույն խնդիրները նախկինում եւս գրանցվել են Բաքվում ԱՄՆ-ի դեսպանության կողմից:

«Մեզ անհանգստացրել են գործընթացի թերությունները: Բոլորս քաջատեղյակ ենք, որ ամբողջական գործընթացի համար հետընտրական ժամանակաշրջանը նույնքան կարևոր է, որքան այն, ինչ կատարվում է ընտրությունների օրը, և մենք հորդորում ենք Ադրբեջանի իշխանություններին հարգել խաղաղ հավաքների, միավորվելու և խոսքի ազատությունը, ինչպես նաև կոչ ենք անում պահպանել զսպվածություն և խուսափել բռնություններից», - ասել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-Ադրբեջան ապագա հարաբերությունների վրա ընտրությունների ունեցած ազդեցությանը, ապա, ըստ Միացյալ Նահանգների արտգործնախարարության խոսնակ Մարի Հարֆի, «իրավիճակը շարունակվում է գնահատվել, մենք վերլուծում ենք քաղաքականությունը՝ հետագա քայլերը որոշելու նպատակով»:
XS
SM
MD
LG