Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի բանակի սերժանտը մեղադրվել է սեռական բնույթի հանցագործություն կատարելու մեջ


Սերժանտը, որի անունը չի հրապարակվել, զբաղեցնում էր Տեխաս նահանգի «Ֆորտ Հուդ» զորամասի սեռական բնույթի հարձակումների կանխման ծրագիր համակարգողի պաշտոնը

ԱՄՆ-ի բանակի սերժանտը մեղադրվել է սեռական բնույթի հանցագործություն կատարելու մեջ: Այս դեպքը դարձել է Միացյալ Նահանգների զինված ուժերում չդադարող խնդրի վերջին դրսևորումներից մեկը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության համաձայն, սերժանտը, որի անունը չի հրապարակվել, զբաղեցնում էր Տեխաս նահանգի «Ֆորտ Հուդ» զորամասի սեռական բնույթի հարձակումների կանխման ծրագիր համակարգողի պաշտոնը: Նրան ներկայացվել են չարաշահումներով ուղեկցվող սեռական կոնտակտների, հարձակման և ենթակաների նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորման մեղադրանքներ:

Պենտագոնի կողմից անցյալ շաբաթ հրապարակված զեկույցի համաձայն, անցյալ տարի սեռական բնույթի հարձակումների է ենթարկվել Միացյալ Նահանգների ավելի քան 26 հազար զինծառայող: Զեկույցում նշվել է, որ 2010 թվականից սեռական բնույթի հարձակումները զինված ուժերում ավելացել են 35 տոկոսով:

Պենտագոնի խոսնակը նախօրեին ասել էր, թե ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը զայրացած է և հիասթափված զինված ուժերում «կարգապահության և ստանդարտների խախտումների դեպքերով»: Հեյգելը կարգադրել է զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներին անցկացնել զինված ուժեր ծառայողների հավաքագրմամբ զբաղված անձանց և սեռական բնույթի հարձակումների կանխման պատասխանատուների լրացուցիչ վերապատրաստում և կրկնակի հավաստագրում:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անցյալ շաբաթ ասել էր, որ ԱՄՆ-ի զինված ուժերի ծառայողների կողմից կատարվող սեռական բնույթի հարձակումները «խայտառակություն են և նրանց կրած համազգեստի դավաճանություն», և որ սեռական բնույթի հարձակումներ կատարողները պետք է դատվեն ռազմական տրիբունալի կողմից և հեռացվեն զինված ուժերի շարքերից:
XS
SM
MD
LG