Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը նոյեմբերի 2-ին նշել է ԱՄՆ-ի դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի տասնամյակը:
Միջոցառումն անցկացվել է Երևանում` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության մամուլի հաղորդագրության համաձայն, միջոցառման ընթացքում Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը և Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ստորագրեցին Գառնու միջնադարյան կամրջի վերականգնման մասին արարողակարգային հուշագիր:
Գառնու միջնադարյան կամրջի վերականգնման նպատակով Դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից 2011թ. հատկացվել է 110 հազար դոլարի չափով ֆինանսավորում: Այս ծրագիրը մինչ օրս հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացված ամենամեծ ծրագիրն է: Հյուրերը, պետական պաշտոնյաները և Հիմնադրամի ծրագրերի նախորդ տարիների շահառուները կարևորեցին հիմնադրամի դերը Հայաստանի մշակութային ժառանգությունը և ընդհանուր համաշխարհային մշակույթը պահպանելու գործում:
ԱՄՆ-ի դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը ստեղծման գաղափարը հաստատվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից 2000 թվականի աշնանը և այդ ժամանակվանից ի վեր Հիմնադրամի ներքո իրականացվել է մշակութային արժեքների պահպանության 640 ծրագիր աշխարհի 100 երկրներում, որոնց իրականացմանն ուղղվել է շուրջ 26 միլիոն դոլար:
Հիմնադրամի օժանդակությամբ իրականացվում են մշակութային արժեքների պահպանությանն ուղղված բազմազան ծրագրեր, մասնավորապես` պատմական նշանակության շենքերի վերականգնում, թանգարանային հավաքածուների հաշվառում և պահպանում, հնագիտական վայրերի պահպանություն, անհետացման եզրին գտնվող ավանդական արվեստների, տեղական լեզուների և բարբառների պահպանությանն ուղղված աշխատանքներ և արխիվների ու ձեռագրերի պահպանման պայմանների բարելավում: