Մատչելի հղումներ

Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանը շուտով կավարտի իր առաքելությունը


Մայքլ ՄըքՖոլին շատերը համարում են 2008 թվականին Վլադիմիր Պուտինի կողմից երկրի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավման՝ «վերագործարկման» քաղաքականության հիմնական հեղինակը

Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ ՄըքՖոլը տեղեկացրել է այն մասին, որ շուտով կհեռանա իր զբաղեցրած պաշտոնից:

Այս մասին հայտարարությամբ դեսպան ՄըքՖոլը հանդես է եկել երեքշաբթի օրը՝ «Թվիթեր»-ի իր էջում հրապարակելով հաղորդագրություն, որի համաձայն Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնից ինքը կհեռանա Սոչիի օլիմպիական խաղերից հետո:

Մայքլ ՄըքՖոլը Ռուսաստանում դեսպանի պաշտոնին նշանակվել էր 2011 թվականին: Շատերը համարում են նրան 2008 թվականին Վլադիմիր Պուտինի կողմից երկրի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավման՝ «վերագործարկման» քաղաքականության հիմնական հեղինակը:

Նախագահ Պուտինը 2012 թվականին երրորդ անգամ վերընտրվել էր նախագահի պաշտոնում, և Կրեմլ իր վերադարձը նշանավորվել էր Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածության ավելացմամբ: ԱՄՆ-ի դեսպան ՄըքՖոլը Ռուսաստանի օրենսդիրների և պետական լրատվամիջոցների քննադատության թիրախն էր դարձել:

ԱՄՆ-ի Սպիտակ տան կողմից երեքշաբթի օրը հրապարակված հաղորդագրության մեջ ասված է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման «խորը երախտագիտություն է հայտնել դեսպան ՄըքՖոլին՝ գերազանց կատարված աշխատանքի համար»:

Ըստ հաղորդագրության, ԱՄՆ-ի նախագահն ասել է, որ դեսպան ՄըքՖոլը «նպաստել է Միացյալ Նահանգների շահերին նպաստող քաղաքականության ձևավորմանը և անխոնջ առաջ էր մղում համամարդկային այն արժեքները, որոնք Միացյալ Նահանգները սատարում է ամբողջ աշխարհում»:
XS
SM
MD
LG