Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ավիակիրի հարվածային խումբը Ֆիլիպիններում մեկնարկել է մարդասիրական օգնության առաքումը


ԱՄՆ-ի ավիակիր հարվածային խմբի «Չարզ Դրյու» ռազմանավն արդեն սննդամթերք և խմելու ջուր է առաքել «Հայյան» թայֆունից մեծ վնասներ կրած Թաքլոբան քաղաք

ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի «Ջորջ Վաշինգտոն» ավիակիրն ու ավիակիր հարվածային խմբի կազմի մեջ մտնող յոթ ռազմակավերը ժամանել են Ֆիլիպիններ՝ մեկնարկելու մարդասիրական օգնության բաշխմանն ուղղված գործողությունները:

ԱՄՆ-ի 7-րդ նավատորմը տեղեկացրել է, որ նավերի վրա առկա է 21 ուղղաթիռ, որոնք կօգտագործվեն «Հայյան» թայֆունի հասցրած վնասների գնահատման և դժվարանցանելի վայրերում բնակվող փոթորկից տուժածներին օգնության հասցնելու համար:

«Ջորջ Վաշինգտոն» ավիակիրի վրա, բացի այդ, կան ծովի ջրից օրական 1,5 միլիոն լիտր խմելու ջրի արտադրության համար նախատեսված սարքավորումներ, ինչպես նաև բժշկական օգնության տրամադրման հարմարություններ:

ԱՄՆ-ի ավիակիր հարվածային խմբի «Չարզ Դրյու» ռազմանավն արդեն այսօր սննդամթերք և խմելու ջուր է առաքել «Հայյան» թայֆունից մեծ վնասներ կրած Թաքլոբան քաղաք:

Թաքլոբան քաղաքում այսօր անցկացվել է տարերային աղետից զոհվածների բազմաթիվ դիների հուղարկավորումը: Դիները թաղվել են զանգվածային գերեզմանում, սակայն աղետի հետևանքները վերացնող ծառայությունները դեռևս չեն հասցրել քաղաքի փողոցներից հավաքել փոթորկի հետևանքով բոլոր զոհվածների աճյունները:

Թաքլոբան քաղաքը նախօրեին այցելած Մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի հանձնակատար Վալերի Ամոսը վրդովմունք է արտահայտել այն հանգամանքով, որ մարդասիրական օգնություն դեռևս չի հասցվել բոլոր կարիքավորներին՝ խոստովանելով, որ ՄԱԿ-ը «չի արդարացրել մարդկանց սպասումները»:
XS
SM
MD
LG