Մատչելի հղումներ

Ռայս. ԱՄՆ-ը ներողություն չի խնդրի Աֆղանստանում պատերազմի ժամանակ թույլ տրված սխալների համար


Սյուզան Ռայս (արխիվային լուսանկար)
Սյուզան Ռայս (արխիվային լուսանկար)

ԱՄՆ-ը և Աֆղանստանը դեռևս համաձայնության չեն եկել հասարակ աֆղանստանցիների բնակարաններ Միացյալ Նահանգների զինծառայողների կողմից ներխուժելու և խուզարկելու իրավունքի հետ կապված խնդիրների կարգավորման շուրջ

ԱՄՆ-ի ազգային անվտանգության գծով խորհրդական Սյուզան Ռայսն ասել է, որ Միացյալ Նահանգները ներողություն չի խնդրի Աֆղանստանում պատերազմի ժամանակ թույլ տրված սխալների համար:

Նման հայտարարությամբ ԱՄՆ-ի ազգային անվտանգության գծով խորհրդականը հանդես է եկել՝ արձագանքելով Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի խոսնակի հայտարարությանը, որտեղ ասված է, որ Աֆղանստանի նախագահն ակնկալում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից գրավոր ներողություն, ինչը կազմում է երկու պետությունների միջև անվտանգության նոր պայմանագիր կնքելու մասերից մեկը:

ԱՄՆ-ի պաշտոնյաները խոստովանել են, որ Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցում Քարզայը պահանջել է գրավոր ներողություն խնդրել: Սյուզան Ռայսը սակայն ասել է, որ Միացյալ Նահանգները չպետք է ներողություն խնդրեն Աֆղանստանից՝ շեշտելով, որ Միացյալ Նահանգներն «ալ-Քաիդա»-ի զինյալների դեմ պայքարելու և Աֆղանստանում ժողովրդավարություն հաստատելու գործին աջակցություն տրամադրելու ընթացքում մեծ կորուստներ է կրել:

Աֆղանստանի նախագահ Քարզայի և ԱՄՆ-ի արտգործնախարար Քերրի միջև զրույցն անցկացվել է Աֆղանստանի առաջնորդների հետ հինգշաբթի օրը կայանալիք հանդիպմանն ընդառաջ, որի ընթացքում մասնակիցները կարող են հավանության արժանացնել Աֆղանստանում ԱՄՆ-ի սահմանափակ զորախմբի ներկայությունը շարունակելու թույլտվությունը՝ 2014 թվականին ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների հիմնական մասը երկրից դուրս բերելուց հետո:

Նախագահ Քարզայի խոսնակը նախօրեին ասել էր, որ Միացյալ Նահանգները համաձայնվել է երկու պետությունների միջև քննարկվող անվտանգության համաձայնագրում ներառել դրույթ, որը կարգելի ԱՄՆ-ի ներխուժել և խուզարկել Աֆղանստանի հասարակ բնակիչների բնակարանները:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքին սակայն նշել է, որ չնայած անվտանգության պայմանագրի հետ կապված խնդիրների լուծման գործում գրանցվել է որոշ առաջընթաց, սակայն ԱՄՆ-ը և Աֆղանստանը դեռևս համաձայնության չեն եկել այս խնդիրների կարգավորման շուրջ:
XS
SM
MD
LG