Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է ընդունել


«Միացյալ Նահանգները շարունակելու է ձևափոխել արտահանման արտոնագրային քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ձեռնարկվող գործողություններին համապատասխան». ԱՄՆ-ի արտգործնախարարություն

Միացյալ Նահանգների իշխանությունները երկուշաբթի օրը հանդես են եկել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ ընդունելու մասին հայտարարությամբ, որոնք կապված են Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի հետ:

Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից ընդունված ցուցակը, որում ներառված անձանց արգելվում է մուտք գործել ԱՄՆ և որոնց ակտիվներն ԱՄՆ-ում սառեցված են, համալրվել է ևս յոթ անունով:

Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հետ առնչվող 17 ընկերությունների նկատմամբ:

ԱՄՆ-ը, բացի այդ, մերժելու է բարձր տեխնոլոգիաների ոլորտում արտահանման արտոնագրերի տրամադրումը, եթե նման տեխնոլոգիաները կարող են օգտակար դառնալ Ռուսաստանի ռազմական նպատակների համար: Բացի այդ, հետ ենք կանչվելու այս ոլորտում ապրանքների արտահանման համար արդեն իսկ տրամադրված արտոնագրերը:

«Միացյալ Նահանգները շարունակելու է ձևափոխել արտահանման արտոնագրային քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ձեռնարկվող գործողություններին համապատասխան: Հորդորում ենք Ռուսաստանին կատարել Ուկրաինայում իրավիճակի լարվածությունը նվազեցնելու շուրջ Ժնևում ապրիլի 17-ին ձեռքբերված պայմանավորվածությունները», - ասված է պատժամիջոցների նոր փուլի ընդունման կապակցությամբ ԱՄՆ-ի արտգործնախարարության ներկայացուցիչ Ջեն Փսաքիի կողմից արված հայտարարության մեջ:

Այն անձանց ցանկում, ում նկատմամբ Միացյալ Նահանգների իշխանությունները պատժամիջոցներ է սահմանել, ներառվել է նաև «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար Իգոր Սեչինը: Սեչինի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելու մասին հայտարարությունից հետո «Ռոսնեֆտ»-ի բաժնետոմսերի գինը նվազել է 1,6 տոկոսով:

Եվրամիությունն իր հերթին նախնական համաձայնություն է ձեռք բերել պատժամիջոցների ցուցակում ևս 15 անձ ավելացնելու մասին: Սպասվում է, որ այս ցուցակը կհրապարակվի երեքշաբթի օրը:
XS
SM
MD
LG