Իննսունամյա Չարլի Քոյնըրը մշակում է մայրաքաղաք Վաշինգտոնի կենտրոնից ընդամենը մի քանի թաղամաս հեռավորության վրա գտնվող մի փոքր հողատարածք: Այս արվարձանում նա միրգ և բանջարեղեն է աճեցրել այն ժամանակից, երբ այն դեռևս գյուղական վայր էր: Իր բերքը վաճառում է տեղի շուկայում: Նա գյուղատնտեսությունից հեռանալու որևէ ծրագիր չունի:
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնից քիչ հեռու գտնվող Սիլվեր Սփրինգսում սովորական օր է: Այստեղ է գտնվում Չարլի Քոյների ֆերման:
Երեսուն տարի առաջ իր տունը գնելուց հետո Քոյները իր տնամերձ հողատարածքում տարբեր տեսակ միրգ և բանջարեղեն է սկսել աճեցնել: Նա դա համարում է իր լավագույն ներդրումը, սակայն ոչ գումարի առումով:
«Մեկ ակր հողատարածք ունեմ, որը աշխատանքի մեծ հնարավորություն է տալիս: Ես զբաղված եմ այս ամենն աճեցնելով և դա ինձ դուր է գալիս», - ասում է Քոյները:
Ծնված լինելով և մեծանալով ընտանեկան ֆերմայում, որի տեղն այժմ արագ զարգացող առևտրային կենտրոն է կանգնած, Քոյներն իր ամբողջ կյանքում զբաղվել է այգեգործությամբ:
«Դա պապիս տարածքն էր, գրեթե 30 ակր: Փոքրիկ գյուղ կարծես լիներ, ունեինք ձի, կով, հավ և մշտապես մեծ այգի էինք մշակում», - ասում է Քոյները:
Նա հպարտ է իր բերքով: Հաճախորդները հաճախ են գալիս բերքը հավաքելու: Նրանցից շատերը մշտական հաճախորդ են, ինչպես Մարթա Գրանդմընը, ով յոթ տարի առաջ հայտնաբերել է Քոյների ֆերման:
«Մեկ օր կարճ ճանապարհով էի տուն գնում, երբ նկատեցի անկյունում փակցված հայտարարությունը՝ ճակնդեղ, վարունգ, սալաթ, և զարմացա, որ Սիլվըր Սփրինգսում նման ֆերմա կա», - ասում է Գրանդմընը:
Բարբարա Սթայնը Քոների ֆերման այցելու է ամեն շաբաթ:
«Ութսունականների սկզբին մայրս և մորաքույրս էին օգտվում Քոյնըրի այգու բերքից: Ես հաճույք եմ ստանում նրա հետ զրուցելով, շատ բարի մարդ է, ինձ դուր է գալիս իր աճեցրած բերքը: Ապրանքի գները բարձր չեն, և ես դարձել եմ իր հավատարիմ հաճախորդը», - ասում է Սթայնը:
Շաբաթ օրերը ամենազբաղված օրերն են Քոյնըրի համար: Նա իր բերքը վաճառում է ֆերմերների մոտակա շուկայում: Քոյնըրն ասում է, որ առանց իր դստեր՝ Լինի, նա չէր կարողանալու ամբողջ աշխատանքը միայնակ կատարել:
«Ես մեծացել եմ ֆերմայում, հորս հետ: Միակ երեխան եմ և ֆերմայում ամենուր հետևում էի հորս: Ֆերմայում աշխատում էի ոչ թե կարիքից ելնելով, այլ որովհետև այս աշխատանքը ինձ դուր էր գալիս: Ես շատ եմ նման հորս, այլ կերպ չէի կարող ապրել», - ասում է Լին Քոյները:
Այժմ Լինը 65 տարեկան է և լավ է հիշում մարդկանց թերահավատ վերաբերմունքը, երբ հայրը գնեց հողատարածքը:
«Սկսեցին ինձ զանգել և հետաքրքրվել, թե ինչ ենք պատրաստվում անել այդ հողակտորի հետ: Ես ասացի, որ ցանկանում ենք գյուղատնտեսությամբ զբաղվել: Նրանք մեզ չհավատացին», - ասում է Լին Քոյները՝ ավելացնելով, որ դեռ չեն պատրաստվում այն վաճառել:
«Տարիներ շարունակ ես կարողացել եմ ինձ լավ ապահովել՝ պարզապես աշխատելով: Ես երախտապարտ եմ, որ այս տարիքում դեռ կարող եմ զբաղվել ինձ դուր եկող աշխատանքով: Եվ քանի դեռ կարող եմ, կցանկանայի այդպես էլ շարունակել», - ասում է Լին Քոյները: