ՅՈՒՆԻՍԵՖ-ի համաձայն, Աֆրիկայի արևմտյան և կենտրոնական մասերում բարձր է խոլերայի համաճարակի առաջացման հնարավորությունը, ինչը կարող է դառնալ պատմության ընթացքում այդ տարածաշրջանում ամենամեծ համաճարակը:
ՄԱԿ-ի այս գործակալությունը երեքշաբթի օրը հայտնել է, որ այս տարվա ընթացքում խոլերայից այդ տարածաշրջանում արդեն մահացել է մոտ 2,5 հազար, իսկ հիվանդությամբ տառապողների ընդհանուր թիվը կազմել է 85 հազար մարդ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի համաձայն, խոլերայի նման արագ տարածման արդյունքում տարածաշրջանում կարող է առաջանալ պատմության մեջ խոլերայի ամենամեծ համաճարակը:
Չափազանց վարակիչ խոլերան առաջացնում է լուծ, որի ընթացքում մարդու օրգանիզմը արագ ջրազրկվում է, ինչը, ժամանակին բուժում չտրամադրելու դեպքում, բերում է մահվան: Հիվանդությունը փոխանցվում է խոլերայի մանրէներով աղտոտված սնունդ կամ ջուր ընդունելու միջոցով: