Մատչելի հղումներ

ՄԱԿ. «Սիրիայից փախստականների թիվը շատ արագ է աճում»


Գրանցված կամ գրանցմանը սպասող փախստականների թիվն այս տարվա մարտ ամսից ավելացել է 600 տոկոսով

Փախստականների գծով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալների համաձայն, մինչև այս տարվա վերջ Սիրիայում շարունակվող հակամարտության պատճառով այս երկիրը կարող է լքել մոտ 700 հազար մարդ:

ՄԱԿ ՓԳՀ-ը հինգշաբթի օրը դիմել է միջազգային հանրության՝ Սիրիայի հարևանությամբ գնվող Հորդանան, Իրաք և Թուրքիա փախստականների «շատ արագ ավելացող» հոսքին օգնություն տրամադրելով կոչով, որի համար, ըստ գործակալության գնահատականների, այժմ անհրաժեշտ է հատկացնել մոտ 500 միլիոն դոլար:

ՄԱԿ-ի փախստականների գործակալության համաձայն, հարևան պետությունների հետ Սիրիայի սահմանը օրական հատում է 2-ից 3 հազար մարդ, իսկ գրանցված կամ գրանցմանը սպասող փախստականների թիվն այս տարվա մարտ ամսից ավելացել է 600 տոկոսով:

ՄԱԿ-ի ՓԳՀ-ի կողմից այս տվյալները ներկայացնելուց մեկ օր առաջ Մեծ Բրիտանիայից գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդել է, որ չորեքշաբթի օրը երկրում սպանվել է 300 մարդ: Ըստ կազմակերպության, զոհերի թվում հիմնականում խաղաղ բնակիչներ են:

«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ»-ը հայտնել է, որ զոհերի պատճառն են դարձել ամբողջ երկրում՝ Դեյր Էզզորում, Հոմսում, Համայում և մայրաքաղաք Դամասկոսում իրականացված բռնությունները:

Կազմակերպությունն իր տվյալները ներկայացնելիս հիմնվում է Սիրիայում գտնվող ականատեսների կողմից տրամադրվող տվյալների վրա: Այս տվյալները ստուգելու հնարավորություն միջազգային լրատվամիջոցները սակայն չունեն՝ Սիրիայում օտարերկրյա մամուլի ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող սահմանափակումների պատճառով:
XS
SM
MD
LG