Միավորված Ազգերի Կազմակերպության մշակութային ժառանգության ցուցակում է հայտնվել 11-րդ դարի մի վիետնամական միջնաբերդ: Սանգ Լոնգ Հանոյի միջնաբերդը UNESCO-ի կողմից աշխարհում պաշտպանվող մշակութային հուշարձանների թիվը հասցրեց 900-ի:
ՄԱԿ-ի մշակույթի, կրթության և գիտության կազմակերպության համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 10 օր տևած քննարկումների արդյունքում 17 նոր վայրեր են գրանցվել այս հեղինակավոր ցուցակում: Դրանց շարքում են հայտնվել նաև 1940-50-ականներին միջուկային զենքի փորձարկում անցած Մարշալյան Կղզիներում մի տեսարժան վայր, ինչպես նաև 18-ից 19-րդ դարերում կառուցված ավստրալական մի շինություն:
Մերձավորարևելյան տարածաշրջանում UNESCO-ի կողմից այսուհետ պաշտպանվելու է մի պարսկական շուկա Իրանի Թավրիզ քաղաքում, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի նախկին թագավորական մայրաքաղաքը հանդիսացող, 15-րդ դարում կառուցված Թուրայիֆի շրջանը: