Մատչելի հղումներ

Ստորջրյա ռոբոտների մրցույթ՝ տիեզերագնացների վերապատրաստման համար օգտագործվող ջրավազանում


Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքի ժամանակ օգտագործված ռոբոտը
Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքի ժամանակ օգտագործված ռոբոտը

Անցյալ տարի Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքի շնորհիվ մեծ ուշադրություն սկսեցին դարձնել ստորջրյա ռոբոտներին, ավելի ճիշտ՝ հեռահար կառավարմամբ սարքերին, որոնք ծովի հատակում խնդիրը լուծելու համար աչք և ձեռք էին ճարտարագետների համար: Այս տարվա հունիս ամսին ռոբոտաշինության բնագավառի մոտ 800 էնտուզիաստ հավաքվել էր Հյուսթըն քաղաքում՝ մասնակցելու Տիեզերքի Ջոնսըն կենտրոնի լաբորատորիայում անցկացվող մրցույթի:

Նախագծման, կառուցման և փորձարկման ամիսներ տևած աշխատանքներից հետո ուսանողներն այստեղ փորձարկում են ջրի տակ գործող հեռահար կառավարմամբ սարքերը:

Մրցույթի կանոնների համաձայն՝ խումբը չի կարող անմիջականորեն հետևել իր սարքերին և որպես հիմք պետք է ընդունի տեսախցիկների կողմից ուղարկվող պատկերները: Այս տեսախցիկների անխափան գործողության ապահովումը դժվար խնդիր է:

Մրցույթը բաղկացած է մի քանի առաջադրանքներից, օրինակ՝ վերցնել և տեղաշարժել որևէ իր սարքի միջոցով:

Նրանց ծրագիրը հսկվում է ԱՄՆ-ի տիեզերագնացության գործակալության՝ ՆԱՍԱ-ի ստորջրյա տեսախցիկների կողմից, որոնք տեղադրված են 12 մետր խորությամբ և 23 միլիոն լիտր պարունակությամբ Միջազգային տիեզերական կայանի տարբեր հատվածները նմանակող լողավազանում, որն օգտագործվում է տիեզերագնացների վերապատրաստման համար:

Այս սարքերի կառուցումը և պահպանումը հսկայական աշխատանք է պահանջել մասնակիցներից, իսկ դրանց խափանումը շատ դժվար է վերացնել:

Մասնակիցներից ամենաերիտասարդը Հոնգ Կոնգի Չինաստանի միջազգային դպրոցից 12-ամյա Յումի Թանգն է:

«Հանգստյան օրերին գրեթե ամբողջ օրը դպրոցում էինք անցկացնում՝ ժամը 10-ից մինչև հինգը», - ասում է Թանգը:

Այս տարի հաղթող են ճանաչվել միայն տղաների ուսուցման համար նախատեսված Կալիֆորնիայի Ճիզվիտների ավագ դպրոցի սաների խումբը:

Ծնող և մարզիչ Ռոլֆ Քոնսթադը ասում է, որ տղաները նվիրված էին իրենց ռոբոտներին:

«Բարեբախտաբար մեր դպրոցում լողավազան կա, ինչը շատ օգնեց, սակայն նոյեմբերից սկսած մինչև մրցույթը մենք հանդիպում էինք ամեն շաբաթ. նախապատրաստվելու համար բավականին ժաման է պահանջվում», - ասում է Քոնսթադը:

Ծովային առաջատար տեխնոլոգիաների կրթական կենտրոնի կողմից հովանավորվող այս մրցույթն անցկացվում է արդեն տասը տարի:

Սակայն այս տարի առավել մեծ ուշադրություն էր դարձվում ստորջրյա ռոբոտներին՝ շնորհիվ Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքի շտկման համար դրանց օգտագործման:

Մրցույթի գաղափարն առաջարկողներից մեկը Ծովային տեխնոլոգիաների հասարակությունից Դրյու Միշելն է, ով ստուգում է յուրաքանչյուր սարք՝ այն ջուր իջեցնելուց առաջ:

Նրա խոսքերով՝ ստորջրյա ռոբոտների օգտագործումն ավելի խելամիտ է, քան սուզանավերով մարդկանց ուղարկելը:

«Դա այլևս գործնական չէ: Հնարավոր չէ երկար և արդյունավետ աշխատել, նաև վտանգավոր է», - ասում է Միշելը՝ հավելելով, որ ստորջրյա ռոբոտներն կարող են ավելի խորը, գրեթե վեց հազար մետր խորության վրա սուզվել, ինչն ավելի խորն է, քան մարդկանց իջեցնող սարքերը:

Հեռահար կառավարմամբ սարքերը շատ են օգտագործվում օվկիանոսի հետազոտության մեջ: Հեռահաղորդակցման ոլորտը դրանք օգտագործում է ծովի հատակում մալուխների սպասարկման համար: Նւոյն օրինակին հետևում է նավթարդյունահանման ոլորտը:

Դրյու Միշելի խոսքերով՝ մրցույթում մասնակցելը նպաստում է, որպեսզի ուսանողները կարողանան այն ոլորտում շահութաբեր աշխատանք գտնել:

«Երիտասարդներից ոմանք կշարունակեն աշխատել այս ոլորտում, և նրանք ապագայում ռոբոտներ մշակող ճարտարագետներ կդառնան», - ասում է Դրյու Միշելը:

Տեխաս նահանգի բնակիչ, տասնհինգամյա Մաքենզի Հիթսը կարող է այս երիտասարդներից մեկը դառնալ:

«Ես շատ եմ հետաքրքրված էլեկտրոնային մեքենաշինությամբ, և սա ավելին իմանալու և ամեն ինչ գործնականում տեսնելու լավ հնարավորություն էր», - ասում է Հիթսը:

Իր կարծիքով, ապագայում հնարավոր կլինի ծրագրավորել ստորջրյա ռոբոտներին այնպես, որ դրանք գործեն անկախ:

«Անկեղծ ասած, կարծում եմ՝ տեխնոլոգիայի նման առաջընթացը շուտով հնարավորություն կստեղծի այսպիսի անկախ գործող ռոբոտներ ստեղծել», - ասում է Հիթսը:

Ապագայում ռոբոտներն իրենք կկարողանան մրցանակ շահեն, սակայն մինչ այդ, մրցանակը բաժին է ընկնելու աշխատասեր երիտասարդներին, ովքեր ստեղծում և կիրառության մեջ են դնում ստորջրյա այն սարքերը:

XS
SM
MD
LG