Մատչելի հղումներ

ՄԱԿ-ն Ուկրաինայում անհապաղ երկխոսության կոչ է արել


Ուկրաինայի ներքին գործերի պաշտոնակատարի համաձայն, Սլավյանսկ քաղաքում ռուսաստանամետ զինյալների ուղղությամբ իրականացված գործողությունների ընթացքում զոհվել է Ուկրաինայի անվտանգության ուժերի մեկ, վնասվածքներ ստացել՝ հինգ ծառայող

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը խորը անհանգստություն է արտահայտել Ուկրաինայի արևելյան շրջաններում իրավիճակի վատթարացմամբ և զինված բախումների վտանգի աճով:

Բան Կի-մունը կիրակի օրը հրապարակված հայտարարության մեջ շեշտել է, որ հետագա առճատակումը չի բխում կողմերից ոչ մեկի շահերից, և հորդորել է բոլոր կողմերը պահպանել հանգստություն և առավելագույն զսպվածություն:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կրկին հորդորել է անհապաղ մեկնարկել կառուցողական երկխոսություն, որը կնպաստի իրավիճակի լարվածության նվազեցման և բոլոր տարաձայնությունները պարզելուն:

«ՄԱԿ-ը շարունակում է կողմ հանդես գալ Ուկրաինայում ճգնաժամի խաղաղ լուծման», - ասված է Բան Կի-մունի հայտարարության մեջ:

Ուկրաինայի ներքին գործերի պաշտոնակատարն ավելի վաղ տեղեկացրել էր, որ կառավարական անվտանգության ուժերը երկրի արևելյան Սլավյանսկ քաղաքում, որտեղ ռուսաստանամետ զինյալները վերահսկողություն են հաստատել պետական մարմինների շենքերի նկատմամբ, մեկնարկել են «հակաահաբեկչական գործողություններ»:

Ներքին գործերի պաշտոնակատար Արսեն Ավակովը ֆեյսբուքյաին իր էջում կիրակի օրը հրապարակված հաղորդագրության մեջ տեղեկացրել է, որ կառավարական ուժերի ուղղությամբ բացվել էր կրակ:

Ավակովը, ըստ «Ռոյթերս» գործակալության, իր էջում հրապարակել է տեղեկություններ, որոնց համաձայն Սլավյանսկ քաղաքում ռուսաստանամետ զինյալների ուղղությամբ իրականացված գործողությունների ընթացքում զոհվել է Ուկրաինայի անվտանգության ուժերի մեկ, վնասվածքներ ստացել՝ հինգ ծառայող:

Ավակովի համաձայն, Սլավյանսկում իրականացված գործողության հետևանքով զոհեր կան նաև ռուսաստանամետ զինյալների շրջանում, սակայն չի նշել զոհվածների թիվը:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցում մտահոգություններ է արտահայտել Ուկրաինայի արևելյան շրջաններում շաբաթ օրը տեղի ունեցած հարձակումների կապակցությամբ:

Արտգործնախարար Քերրիի համաձայն, շաբաթ օրն Ուկրաինայում տեղի ունեցած հարձակումները կազմակերպվել են և համաժամվել նույն կերպ, ինչպես Ուկրաինայի արևելքում և Ղրիմում իրականացված նման այլ հարձակումները:
XS
SM
MD
LG