Մատչելի հղումներ

ՄԱԿ-ը փաստում է Ուկրաինայի արևելքում մարդու իրավունքների վատթարացման մասին


Անդրադառնալով Ղրիմին՝ ՄԱԿ-ի փորձագետներն անհանգստություն են արտահայտել լրագրողների, կրոնական, սեռական և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, ՁԻԱՀ-ով հիվանդների, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիություն ընդունելուց հրաժարված անձանց նկատմամբ թերակղզում ցուցաբերվող վերաբերմունքի կապակցությամբ

Ուկրաինայում գործող դիտորդների համաձայն, երկրի արևելքում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը վատթարացում է գրանցվել, մտահոգություններ են առաջացնում նաև Ղրիմում ծագած լուրջ խնդիրները:

Այս մասին հայտարարությամբ ուրբաթ օրը հանդես է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատար Նավի Փիլայը:

«Ուկրաինայի արևելքում բռնությունների զգալի մասի համար պատասխանատու զինյալ խմբավորումների նկատմամբ ազդեցություն գործելու հնարավորություն ունեցող մարդիկ պետք է անեն հնարավորին ամեն ինչ՝ երկիրը մասնատելուն ուղղված գործողություններ իրականացնող զինյալներին զսպելու համար», - ասել է հանձնակատար Փիլայը՝ ՄԱԿ-ի 37-էջանողց զեկույցի նախաբանում:

ՄԱԿ-ի 34 փորձագետի աշխատանքի հիման վրա կազմված զեկույցը ներառում է այս տարվա ապրիլի 2-ից մինչև մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածը: Զեկույցի հեղինակների համաձայն, Ուկրաինայի արևելյան շրջաններում ոստիկանությունն ու տեղական իշխանությունները սատարել են իրավունքի գերակայության սկզբունքը և մարդու իրավունքների երաշխիքները խաթարող զինյալների խմբավորումների կողմից իրականացվող անօրինական և քաղաքների գրավմանն ուղղված գործողություններին:

Զեկույցում հիշատակվում են Ուկրաինայի արևելքում լրագրողների, ակտիվիստների, տեղական քաղաքական գործիչների, միջազգային կազմակերպության ներկայացուցիչների և զինծառայողների առևանգման և անօրինական կալանավորման դեպքերը, որոնք, ըստ փորձագետների, զանգվածային բնույթ են կրել:

ՄԱԿ-ի փորձագետները զեկույցում միաժամանակ ներկայացրել են Ուկրաինայի կառավարական զինված ուժերի կողմից իրականացված չարաշահումների մասին տեղեկությունները՝ նշելով, որ առկա են զինված ուժերի ծառայողների կողմից բռնությունների կիրառմամբ իրականացված ձերբակալությունների մասին վկայող արժանահավատ հաղորդագրություններ:

Անդրադառնալով Ղրիմին՝ ՄԱԿ-ի փորձագետներն անհանգստություն են արտահայտել լրագրողների, կրոնական, սեռական և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, ՁԻԱՀ-ով հիվանդների, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիություն ընդունելուց հրաժարված անձանց նկատմամբ թերակղզում ցուցաբերվող վերաբերմունքի կապակցությամբ:

Զեկույցի հեղինակները պնդում են, որ Ղրիմում այս անձինք ենթարկվում են վիրավորանքների և ահաբեկման:

Արձագանքելով Ուկրաինայի արևելյան շրջաններում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն ասել է, թե այն ներկայացնում է Ուկրաինայի իշխանությունների գործողություններն արդարացնելու ևս մեկ փորձ:

«Պետք է նշենք, որ զեկույցն ընդհանուր քիչ եզր ունի Ուկրաինայում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակում ստեղծված իրական դրության հետ: Անաչառության բացարձակ բացակայությունը, իրականության հետ անհամապատասխանություններն ու «երկակի ստանդարտները» ոչ մի կասկած չեն թողնում այն մասին, որ զեկույցի հեղինակները իրականացրել են Կիևի ինքնահռչակ իշխանությունների արդարացմանն ուղղված քաղաքական պատվեր», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Լուկաշևիչը:
XS
SM
MD
LG