Մատչելի հղումներ

«93 հազար մարդ Սիրիայում հակամարտության զոհ է գնացել». ՄԱԿ


Հակամարտության զոհ է գնացել առնվազն 6,5 հազար երեխա

Միավորված ազգերի կազմակերպության համաձայն, Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի զոհ գնացած անձանց հաստատված թիվն այժմ հասել է 93 հազարի:

ՄԱԿ-ը սակայն զգուշացրել է, որ զոհերի իրական թիվը կարող է շատ ավելի բարձր լինել:

Մարդու իրավունքների ՄԱԿ-ի գրասենյակը հինգշաբթի օրը տարածված հաղորդագրության մեջ խոստովանել է, որ Սիրիայում զոհերի մասին ներկայացված տվյալները, որտեղ ներառվել են մինչև այս տարվա ապրիլի վերջը ստացված տեղեկություններն ըստ էության նվազագույնն են՝ նշելով, որ հակամարտությունը գնալով սաստկանում է:

ՄԱԿ-ի հայտարարության համաձայն, անցյալ տարվա հուլիս ամսից Սիրիայում յուրաքանչյուր ամսվա ընթացքում գրանցված զոհերի թիվն ավելացել է ավելի քան 5 հազարով: Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյի համաձայն, սա «վերջին տարվա ընթացքում հակամարտության կտրուկ վատթարացման օրինակ է»:

Հայտարարության մեջ նշված է, որ հակամարտության զոհ է գնացել առնվազն 6,5 հազար երեխա: ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի համաձայն, առկա են երեխաներին տանջելու և սպանդի ենթարկելու մասին վկայող փաստաթղթավորված տվյալներ:
XS
SM
MD
LG